Մանե Գևորգյանը իրարամերժ մեկնաբանություններ է տվել

Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները և սոցցանցերի օգտատերերը գրեցին, որ ըստ այդ երկրի Վիճակագրության պետական կոմիտեի՝ Ստեփանակերտ կվերադառնա 12,024 ադրբեջանցի:

Այս լուրից հետո վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը երկու տարբեր լրատվականի իրարամերժ մեկնաբանություններ է տվել:

Արմենպրես գործակալությանը Մանե Գևորգյանը փոխանցել է. «Հայկական որոշ լրատվամիջոցներ, ցավոք, իրենց գործունեությամբ դառնում են գործիք և նպաստում են ադրբեջանական կեղծ տեղեկության տարածմանը հայկական տիրույթում»։ Միաժամանակ Panarmenian.net լրատվականին ասել է. «Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Ադրբեջանցիները հայտարարել են, որ 12,000 փախստական է վերադառնալու, ես այդ հարցին ո՞նց պատասխանեմ։ Եռակողմ հայտարարության մեջ կա կետ, որով փախստականները վերադառնալու են այն տարածքներ, որտեղ որ պետք է վերադառնան, բայց թվաքանակի մասով կամ բան, ես ոչ Ադրբեջանում եմ, ոչ Ադրբեջանն եմ ներկայացնում»։

«Մեդիա պաշտպան»նախաձեռնությունը անընդունելի է համարում նման կարևոր հարցին անպատասխանատու մոտեցումը:

Այսպիսով` պաշտոնական աղբյուրը թյուրիմացության մեջ է գցում հանրությանը, և իր սխալը փորձում է ներկայացնել որպես լրատվականների սխալ։ Լրատվական դաշտի նկատմամբ անհիմն մեղադրական հայտարարություններ հնչեցնելն անընդունելի է։