Ազատություն TV-ին չի անդրադարձել հանրային հնչեղություն ստացած մի շարք թեմաների

Ազատություն TV-ի լրատվականը դեկտեմբերի 14-ին չի անդրադարձել մի շարք թեմաների։

Մասնավորապես, չի ներկայացրել Գյումրիում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։ Քաղաքացիները փակել էին Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկը, այնուհետ մեքենաներով փակել Հաղթանակի փողոցն ու Պուշկին-Շահումյան խաչմերուկը, Վանաձոր-Երևան միջպետական ճանապարհի Ալագյազ-Արթիկ Խաչմերուկը։ Լրատվականը չի անդրադարձել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության մոտ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին։ Լրատվականը չի ցուցադրել հանրության շրջանում քննարկումների առիթ դարձած տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները տասնյակ մեքենաներով կուտակվել էին Քարվաճառի ու Վայոց Ձորի սահմանամերձ հատվածում։ Լրատվականը չի հայտնել, որ Շուշիի Հին Շեն գյուղը ադրբեջանական շրջափակման մեջ է։ Լրատվականը չի ներկայացրել «Հայրենիքի» փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը մտավորականների ու մշակութային գործիչների հետ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը անթույլատրելի է համարում ընտրովի լրատվությունը։ Լրատվականը քողարկում և մասնակի է ներկայացնում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաները՝ փորձելով դիրքավորվել որպես չեզոք, մինչդեռ խախտում է օբյեկտիվության ու բազմակողմանիության սկզբունքը՝ վերածվելով իշխանական քարոզչամեքենայի։