Հայկ Մարությանի մասին գրվել են մեծ թվով բացասական հոդվածներ

2020թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 153 հոդված, որոնցից 53-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 98-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին գրվել են մեծ թվով բացասական հոդվածներ։ Ըստ լրատվականների՝ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը քննադատության է ենթարկել քաղաքապետ Հայկ Մարությանի որոշ նախաձեռնություններ։  Լրատվականները նշում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին դրամահավաքից հետո, Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ամիս 10 հազար դրամ է փոխանցելու հիմնադրամին, և մարտահրավեր նետեց երեք սփյուռքահայերի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Ալեքսիս Օհանյանին։ Շարունակելով թեման՝ լրատվականը հավելել է․ «Եթե վարչապետի մարտահրավերին միանային նաեւ մեծահարուստները, թեկուզ կարճաժամկետ, բայց հազարավոր ընտանիքների սոցիալական խնդիրը կլուծվեր։ Բայց Նիկոլ Փաշինյանն այդ քայլը չի անում՝ մարտահրավեր չի նետում։ Ինչո՞ւ… Ինչո՞ւ էր առաջ կարողանում դուխով դիմել հասարակությանն ու քայլողներին, իսկ հիմա չի անում, չի կարողանում։ Մտավախություն ունի, որ կոչն օդո՞ւմ կմնա, թե՞ մարտահրավերը կշարժի թիմակիցների զայրույթը՝ իր բոլոր հետեւանքներով։ Թերեւս, ամենաթարմ օրինակն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պահվածքն է Փաշինյանին, որ ասել էր, թե՝ պարգեւավճարների համար նախատեսված գումարներն ուղղվելու են COVID-19 վարակի դեմ պայքարին։ Բայց Միրզոյանն ու Մարությանը շրջանցել էին վարչապետի ցանկությունն ու բաժանել պարգեւավճարները»։

Ըստ մեկ այլ հրապարակման՝ պարգևատրումների հայտարարված թիվը փոքր է իրականում բաժանված գումարի չափից․ «Հայկ Մարությանը կրկին ստում է ՝ ոչ թե 29 միլիոն դրամի պարգեւատրում են ստացել Երեւանի քաղաքապետարանում, այլ առնվազն 100 միլիոնի։ Արդեն մամուլը ներկայացրել է, որ Երեւանի քաղաքապետի որոշման համաձայն այս ծանրագույն օրերին եւս քաղաքապետարանի աշխատակիցները պարգեւատրվել են 29 միլիոն դրամով։ Համապատասխան ցանկում ներկայացված են շուրջ 100 պաշտոնյա, ում պարգեւատրել է Հայկ Մարությանը, սակայն դա ամբողջական պատկերը չէ։ Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում աշխատում է շուրջ 2000 աշխատակից ու ըստ հավաստի տեղեկատվության նրանց ճնշող մեծամասնությունը եւս պարգեւատրվել է։ Այսինքն, Հայկոն ներկայացնում է ընդամենը 100 հոգուն բաշխված շուրջ 30 մլն դրամի պարգեւավճարը, իսկ իրականում պետք է ներկայացնի 2000 հոգու պարգեւատրման չափը։ Եթե միջինացված գումարով հաշվեն կդառնա, որ դա 100 միլիոնի ձգտող գումար է։ Իսկ երեւանցիները Հայկ Մարությանին ընտրել են աշխատելու համար, այլ ոչ թե խաբելու եւ հանրությանը մոլորեցնելու»: