Հորդորում ենք թյուրիմացության մեջ չգցել հասարակությանն ու լրատվականներին

Օրեր առաջ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ գրառում էր կատարել։ Գրառման նախնական տարբերակում նշված էր, որ Մոսկվայում քննարկվելու են Հայաստանի կենտրոնական հատվածներից Սյունիքի մարզ բեռնափոխադրումներ իրականացնելու հարցերը։

Համացանցում բազմաթիվ մտահոգություններ բարձրացվեցին գրառման առնչությամբ, ինչից հետո Մանե Գևորգյանը վերաձևակերպեց միտքը, ավելացնելով, որ Հայաստանի կենտրոնական հատվածներիից Սյունիք բեռնափոխադրումներ իրականացնելու հարցը քննարկվելու է Նախիջևանի երկաթուղու համատեքստում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը համարում է, որ նման անփույթ գործելաոճը թյուրիմացության մեջ է գցում լրատվամիջոցներին։ Վերջիններս, փաստորեն, յուրաքանչյուր գրառումից հետո պետք է հետևեն ֆեյսբուքյան գրառման փոփոխությունների պատմությանը։

Հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ  աշխատանքին, գրելուց առաջ մտածել, կողմնորոշվել և թյուրիմացության մեջ չգցել հասարակությանն ու լրատվականներին։