Հանրային հեռուստաընկերությունը չի անդրադարձել վարչապետի Մոսկվա այցին ընդառաջ բարձրացած բողոքին

Հանրային հեռուստաընկերությունը լուրերի գլխավոր թողարկմանը չի անդրադարձել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ ստորագրահավաքին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Մարդիկ իրենց բողոքն էին արտահայտում Փաշինյանի վարած քաղաքականության դեմ։ Լրատվականը չի անդրադարձել նաև Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ընդառաջ ընդդիմության ներկայացուցիչների ակցիային, որը սկսվել էր երեկ առավոտյան ութին, «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհները փակել էին՝ թույլ չտալու Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։ Վարչապետի տեղաշարժն ապահովելու համար կենտրոնացվել էին մեծ թվով ոստիկաններ ու հատուկջոկատայիններ։ Ակցիայի շրջանակում բերման էր ենթարկվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Հայրենիք կուսակցությունն իր տարածած հայտարարության մեջ այդ գործողությունն ապօրինի էր որակել։ Լրատվականը չէր անդրադարձել նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձին։ Նախագահը նշել էր, որ մտնում ենք պատմության նոր փուլ՝ դեպի Չորրորդ Հանրապետություն։ Հասարակության պառակտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, և որ միակ լուծումը արտահերթ ընտրություններն են։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ Հանրային հեռուստաընկերության լրատվականը շարունակում է ապակողմնորոշել հանրությանը՝ ընտրելով, որ իրադարձությունը ներկայացնել, որը՝ ոչ։ Այսպիսով՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերությունը իրադարձությունները ներկայացնում է միակողմանի՝ աշխատելով ոչ թե հանրության, այլ իշխանությունների համար։