Ըստ Անդրանիկ Քոչարյանի` երկու կաթողիկոսները, Գիտությունների ազգային ակադեմիան, ԵՊՀ գիտական խորհուրդն ու մյուսները ժողովուրդը չեն։ Ասաց՝ պետք է հարաբերություններ ունենալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ

Հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 9-ին Պետրոս Ղազարյանի հյուրը Անդրանիկ Քոչարյանն էր։ Պետրոս Ղազարյանն, անդրադառնալով վարչապետի հրաժարականի պահանջին, հարցրեց․ «Ընդդիմությունն ասում է, որ սա ժողովրդի պահանջն է, երկու կաթողիկոսները, Գիտությունների ազգային ակադեմիան, ԵՊՀ գիտական խորհուրդը, համայնքապետերը, դա ժողուրդը չի՞»։ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ ոչ, ինչը զարմացրեց Պետրոս Ղազարյանին՝  ո՞չ։ Քոչարյանը շարունակեց․ «Դա կոնկրետ ինստիտուտների կամ կառույցների ղեկավարներն են, որոնք ժառանգություն են նախկին իշխանություններից։ Նրանք կապված են այն ուժերի հետ, որոնք միասնական թեկանածուին առաջադրելով խնդիր են առաջացնում, որպեսզի կառավարության ղեկավարը տա հրաժարական»։ Մեկնաբանն ասաց․ «Դուք պետք է ընդունեք, որ այլևս չունեք էն լեգիտիմությունը, ինչ կար 2,5 տարի առաջ»։ Իշխանական պատգամավորը հակադարձեց․ «Էդ որտե՞ղ եք որոշել դուք, նոր ընտրություննե՞ր ենք անցկացրել»։ Մեկնաբանը շարունակեց․ «Մենակ ընտրությո՞ւնն է դա, մթնոլորտը, մարդկանց տրամադրությունները, էն փաստաթուղթը, որ ստորագրել են»։ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Մեր ժամանակվա պարտությունը մենք կերտել ենք 20 տարվա ընթացքում, այսօր մենք պատասխանատու ենք հրադադարի համար, այն պետք է սրբորեն պահենք մինչև ճգնաժամի քաղաքական լուծումները գտնենք»։ Այնուհետ Պետրոս Ղազարյանը հարցրեց․ «Դուք հայտարարել եք, որ Հայաստանը պետք է սկսի դիվանագիտական հարաբերություններ հաղթող կողմի հետ։ Ո՞ւմ հետ, մեկնաբանությունները շատ են հաղթողի մասին»։ Պատգամավորը պատասխանեց․ «Գուցե Թուրքիայի հետ արդեն պետք է մտածենք ունենալ, սկսել հարաբերություններ, որովհետև տարածաշրջանում ամենամեծ խաղացողներից մեկը Թուրքիան է»։ Մեկնաբանը ընդհատեց․ «Նաև Ադրբեջանի՞ հետ դուք չեք բացառում»։ Պատգամավորը հաստատեց․ «Մենք պետք է հարաբերություններ ունենանք նաև Ադրբեջանի հետ, ոչ դիվանագիտական, բայց Ադրբեջանի հետ պետք է խոսենք զինվորականը զինվորականի հետ, գյուղացին գյուղացու հետ, պետական այրը պետական այրի հետ»։ Պետրոս Ղազարյանը հարցրեց․ «Ինչպե՞ս է պարտվածը խոսելու նրա հետ»։ Պատգամավորի պատասխանն էր․ «Էֆֆեկտիվությունը խաղաղության բանալին է, խաղաղության մասին պետք  խոսենք»։ Այնուհետ իշխանական պատգամավորը վարկաբեկեց Վազգեն Մանուկյանին, հիշեցրեց անցյալը, անդրադարձավ նաև 2016 ապրիլյան պատերազմին, ասաց, որ պարտություն ենք կրել՝ դրա մեջ մեղադրելով ՊՆ նախարարին։ Պետրոս Ղազարյանն ասաց․ «Դա ձեր նախարարն է, ոչ Սերժ Սարգսյանի»։ Քոչարյանը պատասխանեց․ «Մենք ժառանգություն ենք ստացել Սերժ Սագսյանից»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ Անդրանիկ Քոչարյանը չի տիրապետում իրավիճակին և կտրվել է իրականությունից։