Հանրային հեռուստաընկերությունն ու իրականությունը

Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 20-ի թողարկումներում անդրադարձ չի եղել մի շարք թեմաների, իսկ մայրաքաղաքում ու Գյումրիում անհնազանդության ակցիաները ներկայացվել են՝ քողարկելով որոշ դրվագներ, մասնավորապես, ոստիկանների կոպիտ վերաբերմունքը քաղաքացիների, այդ թվում՝ կանանց նկատմամբ։ Միայն գլխավոր թողարկմանն է անդրադարձ եղել ռեպորտաժի տեսքով, մյուս թողարկումներում ներկայացվել է հպանցիկ՝ մոտ 33 վայրկյան տևողությամբ՝ առանց ներկայացնելու ընդդիմադիրներից որևէ մեկի խոսքը։ Հանրայինը չի հաղորդել, որ այսօր կորոնավիրուսից մահացել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։ Չի ներկայացրել ԵԿՄ  նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը, գերեվարված 80-ամյա պապիկի մասին ադրբեջանցիների տարածած դաժան տեսանյութը, որի հարցով Արցախի ՄԻՊ-ը դիմել  է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Չի ներկայացրել Արցախում ադրբեջանական բանակի կողմից եկեղեցիների պղծումը, գյուղերի մեծ մասի, նաև Աղդամի շրջանի հանձնումը Ադրբեջանին։ Հանրայինը չի անդրադարձել իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հայտարարությանն ու կոչ-հորդորին «Իմ քայլի» պատգամավորներին։  Իսկ Պետրոս Ղազարյանի հյուրը նոյեմբերի 20-ին աննախադեպ է, որ ընդդիմադիր գործիչ էր՝ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որի խոսքը, սակայն, Պետրոս Ղազարյանը պարբերաբար ընդհատում էր։ Հյուրը հունից դուրս եկավ և ասաց․ «Եթե ինձ անընդհատ ընդհատելու համար ձեզ պրեմիա են տալու, աշխատավարձ են բարձրացնելու»։ Ինչին Պետրոս Ղազարյանը հեգնանքով պատասխանեց․ «Եթե ես իմանամ, անընդհատ կընդհատեմ»։