Պետրոս Ղազարյանն ասում է՝ թքած օրենքի վրա

Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 15-ին Պետրոս Ղազարյանի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր։ Պետրոս Ղազարյանը ոչ կոռեկտ ձևակերպում թույլ տվեց. «Նաև ընդդիմությանը հարց կա։ Դուք ասացիք, որ մեկնել եք Արցախ, տեսել եք իրավիճակը և հասկացել եք, որ պարտվում են։ Ոչ միայն դուք, որևէ ընդդիմադիր չասաց, որ այդ ինֆորմացիային տիրապետում է, շուռ գար ասեր՝ ժողովուրդ էս իշխանությունը ձեզ խաբում ա, ամեն օր պատերազմը երկարացնելը զինվորի մահ է, եկեք կանգնեցնենք,  հանրային պահանջ է»։ Մարուքյանը նշեց. «Ես դա ասել եմ վարչապետին, ժողովրդին որ ասեի կլինեի օրինախախտ, օրենքները էնպիսին էին, որ չէր կարելի պաշտոնական տեղեկատվությունից զատ այլ տեղեկատվություն տալ, բայց բոլոր իմ ուղերձներում ասում էի՝ պատերազմը օր առաջ դադարեցրեք»։ Մեկնաբանը շարունակեց. «Այսինքն դուք գիտեիք, որ ամեն օրը անիմաստ մահ ա, մտածում էիք օրենք, թքած օրենքի վրա»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ նման վերաբերմունքը օրենքի հանդեպ երկիրը հասցրել է հումանիտար աղետի։ Հիշեցնենք Պետրոս Ղազարյանին, որ պատերազմի օրերին ասված ցանկացած խոսք սահմանափակվում ու ճնշվում էր, լրատվամիջոցների ներկայացուցիչների տներ և խմբագրություններ էին այցելում, սպառնում, 44 օր հայտարարվում էր հաղթելու ենք, ավելին՝ հաղթում ենք։ Այս մասին Էդմոն Մարուքյանը բարձրաձայնեց, նշեց, որ լուծումը տեսնում է պարտության սիմվոլ՝ վարչապետի հրաժարականով։ Նա նշեց, որ պետք է ձևավորել անցումային կառավարություն, որը երկիրը մի քանի ամսում կփորձի դուրս բերել հումանիտար աղետից, հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ Վարչապետը սպառել է վստահության պաշարը։