Խոսքի ազատությունը չպետք է վնասվի, բայց այս իրավիճակում, նման ձևակերպումները ևս անընդունելի են

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ռեժիմ է գործում, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը։ Նոր փոփոխություններով արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակում անելը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մոնիթորինգի է ենթարկել պետական պաշտոն չզբաղեցնող անձանց հայտարարությունները, որոնցում անհասցե կամ անհիմն մեղադրանքներ են հնչեցվում դավաճանության վերաբերյալ՝ սերմանելով պառակտում։

«Դեռևս օրեր առաջ, երբ Հանրային խորհրդի օպերատիվ շտաբի հերթական նիստին էի շտապում, ես ինքս շատ տարօրինակ ահազանգերի մասին գրառումներ ստացա, որ մասնավորապես, երևանամերձ մարզերից մեկում երկու տղաներ են մտնում տարբեր խանութներ և փորձում խուճապ տարածել»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն էլ նույն լրատվականի հետ զրույցում ենթադրություններ է հայտնել, որ որոշ շրջանակներ կարող են ոչ բարոյական պայքար սկսել։ Ըստ նրա՝ կարող են լինել նաև քողարկված գործողություններ որոնք ուղղված են լինելու պետականության դեմ։ «Տարբեր քաղաքական շրջանակների մոտ կարող են լինել տարբեր պատկերացումներ, թե ինչպիսի լուծում պետք է գտնվի այս բարդ իրավիճակում Հայաստանի և Արցախի համար և փորձում են այդ իրենց պատկերացրած լուծումներն իրականացնել, սա, իհարկե, տվյալ պայմաններում հավասարվում է, նորմալ քաղաքական պայմաններում դա կլիներ միանգամայն ընդունելի, բայց այս պայմաններում, դա, իհարկե, հավասարազոր է դավաճանության, նույնիսկ եթե այդ մարդիկ համոզված են, որ իրենց պատկերացրած լուծումները ավելի ճիշտ և արդյունավետ են»։

Ըստ տեղեկությունների՝ Ազգային անվտանգության ծառայությունում ձերբակալված անձ կա, որը մեղադրվում է դավաճանության և ստահոդ տեղեկություններ տարածելու մեջ։ 1in.am լրատվականը հոդված է հրապարակել այս թեմայով որտեղ գրված է․ «Այս գործով արդեն իսկ ձերբակալված անձ կա, որը Ստեփանակերտի բնակիչ է։ Նա ձերբակալվել է Երևանում։ Մամուլում արդեն իսկ տեղեկություն կա, որ ձերբակալված անձը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մտերիմն է։ Մեզ հաջողվեց պարզել, որ այդ անձը պատերազմական այս օրերին Արցախում հանդիպումներ է ունեցել այնտեղ գտնվող նախկին նախագահներ ՌոբեՐտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ Թե ինչ են քննարկել այդ հանդիպման ժամանակ՝ մեզ հայտնի չէ, թեև կարելի է արդեն կռահել»։ Փաստացի լրատվականը կռահելու մակարդակի վերլուծություն է իրականացրել, որը ևս չի բխում միասնականության և թշնամու դեմ պայքարի շահերից։

Գործարար պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էլ իր ենթադրություններով է կիսվել և կրկին ոչ մի հստակություն․ «Նրանք (խմբ․ ըստ Աղաբաբյանի՝ դավաճանները) սպասարկում են Հեյդար Ալիևի, Իլհամ Ալիևի զավակների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի շահերը։ Պարզ չի՞։ Բա ո՞վ արեց, որ Արցախը դուրս դրվեց բանակցություններից»։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի նշած դեպքը, թե դիրքապահներին համոզել են դիրքը թողնել, որովհետև «Նիկոլը պայմանավորվել ա հողերը հանձնել», դավաճանության նմանվող միակ դեպքը չի։ Ես տվյալներ ունեմ, որ մինչև մեկ տարի առաջ զորացրված զինվորների զորահավաքի մասին վարչապետի մարտակոչից հետո որոշ համայնքների ղեկավարներ (հնուց մնացած) մոտավորապես նույն քարոզն են իրականացրել մարզային հավաքակայաններում, որտեղ զինվորները հավաքվում էին՝ առաջնագիծ գնալու»։

Փաստացի, այս հասարաքաղաքական գործիչներն ու մեդիա ռեսուրսը, որևէ կերպ միասնականությանը չեն նպաստում։ Խոսքի ազատությունը չպետք է վնասվի, բայց պատերազմական իրավիճակում, նման ձևակերպումները ևս անընդունելի են, իսկ ահա հանցագործներ փնտրելու և հայտնաբերելու ֆունկցիան ուժային կառույցներինն է։