Ադրբեջանական կողմը կրկին թիրախավորել է հայ և միջազգային լրագրողներին

Հոկտեմբերի 2-ին Մարտակերտից վերադառնալիս ռուսական Առաջին ալիքի, ՏԱՍՍ-ի, Ռիա Նովոստիի, Շանթի և Ֆակտոր թիվիի նկարահանող խմբերին տեղափոխող մեքենան հայտնվել է կրակահերթի տակ։

ֆակտոր TV-ի լրագրող Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ, բարեբախտաբար, տուժածներ չկան. հասցրել են մտնել ապաստարան։ Ընկել է մի քանի արկ, մեքենայի վրա կան բեկորների տեղեր, կոտրվել է ապակին։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական կողմի կրակի տակ էին հայտնվել  «Le Monde» Ֆրանսիական հեղինակավոր լրատվականի լրագրողները  ռուսական հայտնի «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Ադրբեջանի ԶՈՒ թիրախավորել են նաև Agence France-Presse (AFP) գործակալության թիմին տեղափոխող անձնակազմին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կրկին կոչ է անում միջազգային իրավապաշտպան կառույցներին և դեսպանատներին դատապարտել ադրբեջանական գործողությունները: