Բովանդակությունն ի վերջո հաղթելու է ձևին. բարեփոխումների ամենամեծ նպատակն այն է, որ բոլորիս երեխաները սիրով գնան դպրոց

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակում է զրույցների շարքը տարբեր գերատեսչությունների մամուլի քարտուղարների կամ պատասխանատուների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանն է։

1․Կրթության չափորոշիչներից մինչև ԲՈՒՀ-եր չընդունված դիմորդների բողոքի ակցիաներ։ Վերջին շրջանում ԿԳՄՍ-ն ամենաքննարկվող ու քննադատությունների թիրախում հայտնված նախարարությունն է։ Ըստ ամենայնի, աշխատել եք ոչ սովորական պայմաններում։ Կպատմեք այս օրերին աշխատանքային գործընթացից, ինչպես է սկսվել օրը, ինչպես եք համակարգել աշխատանքը լրագրողների հետ, ամենաշատը քանի զանգ, հարցում է ստացվել։

1.Լրատվամիջոցների ներկայացուցիչներից ամենածանրաբեռնված օրերին 50 և ավելի զանգը սովորական է, գումարած դիմորդները, նրանց ծնողները և շահառու տարբեր խմբերի ներկայացուցիչները։ Լրագրողների հարցերին, իհարկե, առաջնահերթ ենք պատասխանում` հասկանալով գործի հրատապությունը. չէ՞ որ եթե գիշերը տասին զանգել է, ուրեմն, կայքում լուր է դնում կամ խմբագիրը խնդրել է որևէ փաստ ճշտի։ Եթե քնած չենք, ուրեմն, գործի ենք մեր տասը հոգանոց թիմով. այլ կերպ լինել չի կարող, քանի որ նախարարը, հինգ տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները նույնպես այդ տեմպով աշխատում են։ Սա շատ մոտիվացնող է և պարտավորեցնում է ավելին անել։

Շատ եմ կարևորում կայքում արագ և ճշգրիտ լուրեր դնել և տարածել, ՖԲ-ի լսարանին միշտ հետաքրքիր տեղեկատվությամբ գոհացնելը։ Օրինակ, կառավարության նիստերի օրերին ՖԲ օգտատերերն ու որոշ լրագրողները հնչած մեկ նախադասությունը կամ որոշման նախագծի հիման վրա արագ լուր են տալիս, մենք այլ գործելաոճ ունենք` գրում և տարածում ենք համապարփակ, ճշգրիտ, ստուգված ու անխոցելի տեղեկատվություն, որից օգտվում են բոլորը, ամիսներ անց էլ, երբ կարիք է լինում որևէ բան վերհիշել մեր պաշտոնական լուրի հղումն են ուզում։ Երբեմն մեզ մեղադրում են, թե կեղծիքն ու ապատեղեկատվությունն անմիջապես ու անընդհատ չենք հերքում, բայց վերջին շրջանում այնքան ստահոդ, ուղղորդված քայլեր ենք տեսնում, որ ստացվում է, որ պետք է մեր հիմնական գործը թողնենք ու առավոտից իրիկուն անհեթեթ ենթադրություններ հերքենք։ Չմոռանամ ասել, որ լրագրողների հետ աշխատանքը մեր գործի ընդամենը 30 տոկոսն է, իրազեկման մասով շատ լուրջ անելիք կա, դա մշտական, երբեք չավարտվող աշխատանք է։ Մեր վարչությունը չորս քաղաքային հեռախոսահամար ունի, վերջին ամիսներին երկուսը մերոնց անձնական համարներին են վերահասցեագրած, համբերատար պատասխանում ենք էլեկտրոնային փոստին և ՖԲ-ի էջին գրված նամակներին։ Իրազեկող հոլովակներ ենք պատրաստում, մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը նպաստող «Իմ մասնագիտությամբ #գործկա» շարքն ունենք, տարբեր ակցիաներ ենք անում դպրոցականների համար։ Անցած մեկ տարվա աշխատանքի արդյունքն աշնանը մարդիկ կտեսնեն ֆինանսական գրագիտության թեմայով երեքից ավելի հեռուստատեսային արտադրանքի տեսքով։

2․Ցանկացած նախարարության հանդեպ վստահությունը մեծապես կախված է մամուլի պատասխանատուի գործունեությունից, կարևոր է կարողանալ հաստատել բարիդրացիական հարաբերություններ բացառապես բոլոր լրատվամիջոցների հետ։ Դուք մասնագիտությամբ լրագրող եք և երկար տարիներ աշխատել եք դաշտում, առնչվել եք տարբեր նախարարությունների մամուլի պատասխանատուների հետ, ինչ թերություններ եք նկատել, որոնք ինքներդ ձեր աշխատանքում բացառում եք։

2.Գիտեք, ասում են լրագրողի նախկինը չի լինում, և եթե վաղն էլ չաշխատեմ նախարարությունում, որևէ լրատվամիջոց եմ գնալու։ Այնպես որ, հարաբերություններ հաստատելու հարց իմ դեպքում չի ծագել, ես մեկն եմ իրենցից, բոլորն էլ իմ գործընկերներն են, բոլորին էլ ճանաչում ու հարգում եմ, բոլորին էլ հավասարապես փորձում եմ օգտակար լինել` գործս արագ ու անսխալ անելով։ Գործակալությունում, թերթում, հեռուստատեսության լրատվական ծառայությունում և հաղորդաշարում ունեցածս լրագրողական աշխատանքի 16 տարվա փորձս օգնում է ինձ. արագ հասկանալ, թե ինչ խնդիր է լուծում լրագրողը, որ ֆորմատով, ինչ ժամկետներում և այլն։ Առաջին հերթին, աշխատում եմ արագ արձագանքել, որովհետև ինձ դուր չէր գալիս, որ ես դիմում էի ինտերվյուի համար, և դա կազմակերպվում էր ոչ թե վաղը, այլ մեկ շաբաթից կամ էլ որոշ կարևոր հարցեր մամուլի քարտուղարների միջամտությամբ հանվում էին առանց ղեկավարին տեղյակ պահելու։Չեմ սիրում, երբ ստիպված եմ լրագրողին հայտնել «գրավոր դիմեք» բոթը, ուղղակի կան հարցադրումներ և թեմաներ, որոնց հնարավոր կամ նպատակահարմար չէ բանավոր պատասխանելը։ Իմ գործելաոճն այն է, որ մասնագիտական թեմաները, հատկապես որ հարցից էլ հարց է ծագում, լրագրողը հնարավորություն ունենա անձամբ տալ պատասխանատու պաշտոնյային։

3․Որքանով է ազատ լրագրողը, մամուլի քարտուղարը կամ պատասխանատուն։ Ինչպես լինել ճկուն, միաժամանակ, չկորցնել դեմքը, քանի որ մամուլի պատասխանատուն նախարարության դեմքն ու ձայնն է։

3.Ազատն ազատ եմ, իմ բախտն է բերել, թե խելքը չգիտեմ, բայց ես իմ խղճի դեմ լուր չեմ տարածում, զուտ լուր տարածելու խողովակ չեմ, ես խորապես հավատում եմ այն բարեփոխումներին ու ծրագրերին, որ այսօր իրականացնում է ԿԳՄՍՆ-ն։  Շնորհակալ եմ նախարարին, փոխնախարարներին, որ անցած մեկ տարում ինձ սխալ կամ սուտ որևէ լուր տարածել չեն առաջարկել, դա հեշտացնում է գործս ու սիրով աշխատելու ամենակարևոր խթանն է։

4․Վերադառնանք կրթության չափորոշիչներին, ձեր անձնական կարծիքը կարելի է իմանալ, որքանով փոփոխությունները կնպաստեն կրթական համակարգի բարելավմանը։ Որպես քաղաքացի ինչ խնդիրներ եք տեսել, տեսնում, համեմատելով ձեր ուսումնառության տարիների հետ` ինչ լավ ու վատ փոփոխություններ կան։ Ինչը դուք կփոխեիք եթե լինեիք նախարար։

4.Սա իմ սիրած թեման է. տղաս նոր է դպրոց գնում, աղջիկս պատրաստվում է։ Ես բոլոր առումներով եմ շահագրգիռ այս հարցում։ Հատուկ որոշում եմ կայացրել նրանց սովորական հանրակրթական դպրոց տանել, որ ամեն ինչն իմ կաշվի վրա զգամ։ Շատ բան կուզեի փոխված տեսնել դպրոցում` սկսած բարևելու ձևից. կարելի է ոչ թե խմբով ձևական գոռալ, այլ անհատապես ու ազատորեն ողջունել մանկավարժին, տնօրենին ու հյուրերին։ Կուզեի ոչ թե առաջին դասարանում Օշական գնային երեխաները և 7 տարեկան երեխային ձևեր չփնտրեինք բացատրելու, թե ինչ է շիրիմը, այլ այդ վայրն այցելեին դպրոցն ավարտելիս ճոռոմ ու անճաշակ միջոցառումներ անցկացնելու փոխարեն, երբ շրջանավարտը կարող է գիտակցել ու գնահատական տալ գրերի գյուտի նշանակությանը։ Իսկ առաջին դասարանցիները ծնողների հետ կարող են այցելել տառերի պուրակ և Մատենադարան։ Շատ մեծ է ցանկությունս դասարաններում տեսնել առավելագույնը 20 երեխա… Բարեփոխումների ամենամեծ նպատակն այն է, որ բոլորիս երեխաները սիրով գնան դպրոց, որ իրենց ուսուցիչներին սիրեն, հարգեն ու ավագ ընկեր ընկալեն։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ հայրենիքի համար սրտացավ քաղաքացիներ դաստիարակվեն՝ խնայեն բնությունը, հատկապես տարեցների և կանանց հանդեպ հարգալից լինեն, ուղիղ գծով հերթ կանգնեն, երթևեկության մեջ և ընդհանրապես, կանոններին հետևեն: Հիմնականում հասարակական տրանսպորտից եմ օգտվում և պնդում եմ, որ անձնական հիգիենայի մասին դասերն էլ են անհրաժեշտ, նաև կոռուպցիոն ցանկացած երևույթ տեսնելիս քաղաքացիները համարձակություն ունենան կանխելու կամ ահազանգելու, հանդուրժող լինեն տարբերվողի նկատմամբ ու այս շարքը շարունակելի է…

1998-ին ավարտել եմ Հայաստանի լավագույն դպրոցներից մեկը` Ներսիսյան վարժարանը, որ դեռ այն տարիներին բազմաշերտ կրթական ծրագիր էր առաջարկում. Շախմատ, Վայելչագրություն, Թուրքերեն ենք սովորել: Իհարկե, այդ տարիներին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չէինք անցնում, բայց իմ սերնդակիցների պես կրում եմ քրիստոնեական արժեքները, ինձ պակաս հայրենասեր չեմ համարում։

Իմ երեխաների օրինակով հասկացել եմ, որ կավիճով գրատախտակին  դաս բացատրելու ժամանակներն արդեն անցել են, ունակություններով մեզ մի քանի անգամ գերազանցող այս սերունդն այլ կերպ է ընկալում, ավելի պրակտիկ, էմպիրիկ մեթոդներն են արդյունք տալու։ Անգիր անելն էլ արդեն պարտադիր չէ, ամեն ինչ կարելի է գտնել գուգլելով. ամեն ինչի բովանդակության մեջ խորանալն է այսօրվա աշակերտի ճանապարհը։ Ու այս ուղին դժվար կլինի անցնել կաղապարված մտածելակերպով, ոչ թե երեխաներին անվերապահ սիրելու, այլ հարմարության պատճառով մանկավարժ դարձած ուսուցիչների հետ։ Դժվար խնդիր է դրված պլանշետների սերնդի աշակերտին ցույց տալ գիտության լույսը, հենց այդ շողը տեսան, կասկած չունեմ, որ բովանդակությունն ի վերջո կհաղթի ձևին։

Չափորոշիչներում մի քանի առանցքային թեմա կա.

-Բնագիտական և մաթեմատիկական ուղղությունն ուժեղացվում է, և սրա դրական ազդեցությունն ակնհայտ է լինելու ոչ հեռու ապագայում։

-Արվեստն ու արհեստն է ուսուցանվելու մինչև 12-րդ դասարան. բարձրարժեք գործերով դաստիարակվող սերունդը մի օր հրաժարվելու է սերիալ նայելուց։

-Ես և իմ հայրենիքը նոր առարկան դառնալու է երեխաների սիրելին։ Մի դրվագ ասեմ միայն` առաջին անգամ բավականին լուրջ անդրադարձ է արվելու «Սասունցի Դավիթ» էպոսում արծարծվող թեմաներին, օրինակ, կնոջ ու տղամարդու իրավահավասարությանը, փոխադարձ հարգանքին։

5․Հնարավոր է դուք նշանակվեք մամուլի քարտուղար, ինչու է այդ հաստիքը մինչև հիմա թափուր։

5.Նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը դեռ թափուր է, քանի որ այն հայեցողական պաշտոն է, և նախարարն է որոշում, թե ով է աշխատելու և որքան ժամանակով։ Բայց անկախ ամեն ինչից մեր բազմապրոֆիլ թիմն իր առաջ դրված խնդիրները լուծել է և լուծելու է լավագույնս` փորձելով այնպես աշխատել, որ լրագրողների հարցերն անպատասխան չմնան, մարդիկ իրազեկ լինեն։