Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2020թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 212 հոդված, որոնցից 28-ը եղել է բացասական, 184-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Արարատ Միրզոյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում։

Արարատ Միրզոյանի լիազորություններն ընդլայնող նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով զեկուցող Սուրեն Գրիգորյանին, ասել է․ «Ցույց տվեք մի հոդված, որ ԱԺ նախագահը ներկայացնում է ԱԺ քաղաքական կամքը»։

ՀՊՏՀ նախկին աշխատակից Անի Ղազարյանը, որը պնդում է, որ իր նկատմամբ ապօրինություն է գործել ԲՈՒՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը, անդրադառնալով իր ազատմանն ասել է․ «Ռեկտորի ժ/պ-ն ինձ ասել է՝ քանի որ ինքը չի ցանկանում խնդիրներ ունենալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ով զանգով հրահանգել է ինձ հեռացնել աշխատանքից, ուրեմն ես պետք է աշխատանքից ազատման դիմում գրեմ»։ Վերջինիս խոսքով՝ ինքը լիահույս էր, որ տիկին Գալոյանը, այնուամենայնիվ, կցուցաբերի ակադեմիական ազնվություն և չի առաջադրի իր թեկնածությունը ռեկտորի պաշտոնին, քանի որ ստացվում է, որ ՀՊՏՀ-ն կառավարում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Ակամայից հարց է առաջանում. եթե  նա չի կարողանում պաշտպանել իր լավագույն աշխատողին, ապա ինչպե՞ս է պատրաստվում կառավարել 500 աշխատողից և 6000 ուսանողից բաղկացած կառույցը»,- ասել է Անի Ղազարյանը:

Քննադատվել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են՝ ամսական պաշտոնային դրույքի 125%-ի չափով։ Նման կարգադրություն է ստորարգել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

 

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ