Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չեն հրապարակվել

2020թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 37 հոդված, որոնցից 12-ը եղել է բացասական, 25-ը՝ չեզոք։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։

«Իմ քայլ»-ն առաջարկել է ընդլայնել պատգամավորական էթիկան քննող հանձնաժողովի լիազորությունները և նախատեսել կարգապահական պատասխանատվության միջոց։

Լրատվականներում առանձնացվել է Էդմոն Մարուքյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպը, որտեղ կողմերն իրար վիրավորեցին «քաղաքական տրյապկա» ու «անբարոյականի վաստակ» արտահայտություններով:

Մամուլն, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, գրել է. «Մեր սրտերում վախ չկա, ցավ կա… Ցավ՝ Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունների… ցավ, երբ Հայաստանի ոստիկանն անհիմն «պտտեցնում» է իր հայրենակցին, ցավ, երբ առողջապահության նախարարը՝ ի դեմս Արսեն Թորոսյանի, իր ապաշնորհ գործողություններով «համաճարակ» է ստեղծել և մինչև հիմա գովազդում է այն՝ ի շահ “NED” հիմնադրամի, ցավալի է, երբ քաղաքական բարձրագույն «դեմքերը»՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի, ստեղծեցին կեղծ ակաունթների վերարտադրման Կոլլ-Կենտրոն, ցավալի է, երբ հայկական ազգանուններով սորոսական միջնորդները՝ ի դեմս 2 անհատների՝ Հասմիկ Մխիթարյանի (President «Progress of Gyumri» Civill Sosiety Development Centre NGO) և Լևոն Բաղդասարյանի (Project JC «Asparez» component coordinator), վերահսկում և բաշխում են դրամական միջոցները և նշանակումներ տալիս Հայաստանի կառավարությանը՝ սկսած 2018 թվականի հունիսից…

«Այսօր ինչքան մահ կա, բոլորն Արսեն Թորոսյանի խղճին են, նրան անհապաղ պետք է հանեն գործից»,- մամուլի հետ զրույցում ասել Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այնուհետև քաղաքացիներից մեկն, անդրադառնալով պատգամավորների պարգևավճարների վերաբերյալ հարցին, և վերջերս լրագրողների այդ հարցին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքին, ասել է, «Ալեն Սիմոնյանը բացարձակապես ճիշտ չի՛ խոսում: Իրենց պարգևատրումներից թող բերեն 20 հազար դրամ էլ ինձ տան, ասեն՝ թոշակառու մարդ ես՝ ծախսի, ոչ թե վերցնեն, հետո էլ ասեն՝ ի՞նչ ենք արել, 200 հազար: Ի՞նչ է արել ինքը: Խորհրդարանում բոլորը հարուստի երեխաներ են նստած, որոնք գնացել են Ամերիկայում, Անգլիայում ավարտել, եկել դարձել են երկրի հարց որոշողները: Դրանք ի՞նչ հարց պետք է լուծեն: Այսօր 20-25 տարեկաններն իմ հարցն են որոշում, թե ես ոնց պետք է ապրե՞մ: Փաշինյանին հիմնականում դրանք չեն թողնում աշխատի»: