Հայկ Մարությանի մասին դիտարկվել են թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածներ

2020թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 112 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 19-ը՝ դրական, 57-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին դիտարկվել են թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածներ։ Դժգոհություն է առաջացել այն բանից հետո, երբ քաղաքապետարանը թույլ չի տվել վերաբացել Կասյանի «Գյուղատնտեսական շուկան»։ Մարդիկ տարակուսում են. «Ի՞նչն է խանգարում Կասյանի «Գյուղատնտեսական շուկայի» վերաբացմանը»։

Տարբեր հասարաքաղաքական գործիչներ դժգոհություն են արտահայտել այն բանից հետո, երբ պարզվել է, որ Հայկ Մարությանը հուլիս ամսին շուրջ 120.000 դոլարի պարգևավճարներ է բաժանել Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը 3 օրում 2.280.000 դրամ պարգևավճար է ստացել։

Համաձայն լրատվականների՝ Հայկ Մարությանն այս տարի կառավարության ոչ մի նիստի չի մասնակցել: Հրապարակման մեջ, մասնավորապես, ասված է․ «Հայկ Մարությանը, ըստ էության, մի բան ապացուցեց՝ մեր մայրաքաղաքը կարող է գոյատևել նաև առանց քաղաքապետի»։