«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում խնդիրներ է տեսնում

Ազգային ժողովը հուլիսի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը օրենքի որոշ կետեր խնդրահարույց է համարում։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խնդրել է պատգամավորին ներկայացնել դրանք։

«Նախ ամենաառաջին ու ամենակարևոր խնդիրը մարզային հեռուստաընկերությունների հարցն էր, որը, փաստացի, այս օրենքով չի լուծվելու, որովհետև նախկին իշխանության ժամանակ եղել են մարզային հեռուստաընկերություններ, որոնք փակվել են, և արդեն այս իշխանության ժամանակ դրանք հնարավորություն չեն ունեցել վերաբացվելու։ Մենք հիմնականում շեշտադրում էինք անում այն հանգամանքի վրա, որ եթե այս օրենքը բերվում է, որպեսզի հավասար պայամններ ստեղծի բոլոր հեռուստաընկերությունների համար, ապա ինչու առաջին հերթին քայլեր չեն ձեռնարկվել իշխող խմբակցության կողմից հենց այս հեռուստաընկերությունները վերաբացելու ուղղությամբ։ Մյուս խնդիրը օտարերկրյա հեռարձակողների հարցն էր։ Ինչպես տեղյակ եք, Ռուսաստանի դեսպանատունը խնդիր բարձրացրեց, որ, փաստացի, այս օրենքի ընդունումից հետո ռուսական հեռուստաընկերությունները միգուցե հնարավորություն չունենան այլևս ներկայացվելու հանրային մուլտիպլեքսում, քանի որ օրենքում ամրագրված է, որ այսուհետ միջազգային պայմանագրերով է լինելու հեռարձակման հնարավորությունները վերականգնելը։ Մեր մտահոգությունները հայտնելուց որոշ ժամանակ անց, երկրորդ ընթերցմանն ընդառաջ, նախագիծը որոշակիորեն փոփոխվեց։ Ժամկետ դրվեց, որ մինչև 2021 թվականի հունվարի սկիզբ օտարերկրյա հեռարձակողներին հնարավորություն կտրվի կարգավորել Հայաստանում իրենց հեռարձակման հարցերը և դրանից հետո արդեն միջպետական պայմանագրի միջոցով է լինելու հեռարձակման հնարավորությունները դիտարկելու հարցը»։

Թե ինչով էր պայմանավորված օրենքի ընդունման հապճեպությունը, Աննա Կոստանյանը նշեց․ «Հապճեպությունը պայմանավորված էր լիցենզիաների ժամկետների սպառմամբ, հուլիսին վերջանում է տասնամյա այդ ժամկետը։ Օրենքը, որը գործում էր բավականին հնացած էր և չէր համապատասխանում ժամանակակից մեդիայի և վերգետնյա հեռարձակողների կանոններին։ Դա էր պատճառը, որ օրենքի նախագիծ բերվեց, որով նախագծի հեղինակները շեշտադրում էին, որ այն լուծելու է խնդիրները, որոնք բացակայում էին հին օրենքում, թե որքանով դա այդպես կլինի, ժամանակը ցույց կտա»։

Ինչ վերաբերում է գրաքննության վտանգին, պատգամավորը նշեց․ «Գրաքննության վտանգ իմ ուսումնասիրության ընթացքում ես տեսել եմ դրույթներից մեկում։ Կարգավորող մարմինը՝ հանձնաժողովը, պետք հեռարձակողների խնդիրները բացահայտի։ Չի բացառվում, որ գրաքննության փաստ հետագայում արձանագրվի։ Իհարկե, մեկնաբավում է, որ բովանդակային միջամտություն չի լինելու, այլ զուտ տեխնիկական խնդիրների հետ կապված, բայց քանի որ օրենքում  շատ հստակ գրված է, որ  կարգավորող մարմինը իրավասություն ունի կարևոր իրադարձությունների շրջանակը որոշելու, էստեղ մեզ մոտ էդպիսի տպավորություն է ստեղծվում, որ միջամտությունը կլինի նաև բովանդակային մասով։ Հեռարձակողին և, ընդհանրապես, զանգվածային լրատվամիջոցին որևէ մեկը, որևիցե կերպ իրավունք չունի ասելու, թե որն է կարևոր  իրադարձությունների շրջանակը»։