Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթը կներառվի ԱԺ առաջիկա արտահերթ նիստի օրակարգում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հուլիսի 13-ին տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, բոլոր հեռուստաալիքներին պարտադրվելու է ունենալ մանկական բովանդակություն, առաջարկվել է նաև ազգային փոքրամասնությունների համար սահմանել ֆիքսված եթերաժամանակ ՝ շաբաթը կես ժամ տեսալսողական հեռարձակողի, 2 ժամ էլ Հանրային ռադիոյի համար։  Պատգամավոր Աննա Կոստանյանը տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումները քննարկելիս առաջարկել է կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի հոդվածն ամբողջությամբ վերանայել և համապատասխանեցնել ԶԼՄ-ների միջազգային ստանդարտներին, քանի որ այն համարել է գրաքննություն։ Փոփոխությունների համահեղինակ Վահագն Թևոսյանը վստահեցրել է, որ գրաքննությունը բացառված է, հոդվածը համապատասխանում է ԵՄ չափանիշներին։

Հանձնաժողովի նիստում նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացության: Այն ներառվելու է Ազգային ժողովի առաջիկա արտահերթ նիստի օրակարգում:

Հիշեցնենք, մի խումբ ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը խորը մտահոգության տեղիք է տալիս. «Այն ոչ միայն միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն, այլ նաև խիստ թերի է՝ կիրառված սկզբունքների և մոտեցումների, դրանց ձևակերպումների առումով»։

Մտահոգություն էր հայտնել նաև «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, որոնք շրջանցվել են, մասնավորապես, նախագծի 7-րդ հոդվածի հետ կապված, որը սահմանում է մանրամասն պահանջներ, որոնք վերաբերում են տեսալսողական մեդիաների կողմից արտադրվող և հեռարձակվող կոնտենտի բովանդակությանը։ Ընդ որում, այդ պահանջների մի մասը վերաբերում է միայն լրատվական հաղորդումներին, իսկ մյուս մասը, առնվազն կարելի է ենթադրել, որ վերաբերում է բոլոր հաղորդումներին։

Նախագծի 7-րդ հոդվածի հասկացությունները բավականին սուբյեկտիվ և գնահատողական են։ Խոսքը այնպիսի հասկացությունների մասին է, որոնք կարող են տարբեր մեկնաբանություններ առաջացնել՝ ըստ ցանկության և նպատակահարմարության։

Խնդրահարույց էր նաև հանրային մուլտիպլեքսում մասնավոր հեռուստաընկերությունների ներգրավվածության հարցը։ Օրինակ՝ պարզ չէ, թե նախագծի 45-րդ հոդվածով սահմանված լիցենզավորումը արդյոք հեռուստաընկերության համար ապահովելո՞ւ է հանրային մուլտիպլեքսում գործելու փաստացի հնարավորություն։ Այս ու մյուս մտահոգությունների մասին ավելի մանրամասն հղումում։

«Տեսալսողական մեդիածառայությունների մասին» նոր օրենքի նախագիծը խնդրահարույց է․ «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն