Պետրոս Ղազարյանի «Հանրային քննարկումը» Ծառուկյանի մասին էր

Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 21-ին Պետրոս Ղազարյանի հյուրերն էին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ռեժիսոր, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Հանրային քննարկումը վերնագրված էր՝ հասարակական փոփոխություններին ընդառաջ։  Զրույցը սկսվեց Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, սակայն անցում կատարվեց դատաիրավական համակարգին։ Պատահական չէր, քանի որ այս շաբաթվա մեջ ԱԺ-ում տեղի է ունենալու արտահերթ նիստ, ըստ ամենայնի, օրակարգում կլինի նաև սահմանադրական բարեփոխումներին վերաբերող օրինագիծը։

Պետրոս Ղազարյանը հյուրերին ուղղում էր նույն հարցը՝ ինչպիսի՞ն է իրենց ներքին համոզմունքը՝ 2017-ի ԱԺ ընտրություններին Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչների կողմից գումար բաժանվել է, թե ոչ։ Ռեժիսոր բեմադրիչ Ռուբեն Բաբայանն ասաց, որ ինքը դատավոր չէ, որ դատի՝ նշելով, որ անընդհատ խոսում են անկախ դատական համակարգ ունենալու անհրաժեշտությունից, բայց  այս երկու տարվա ընթացքում  չի լսել պարզ բացատրություն ՝ ինչպես են դրան հասնելու, ինչ մեխանիզմով։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համաձայնեց հնչող տեսակետի հետ։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ավելացրեց՝ դատաիրավական բարեփոխումների պահանջը մի քանի ՀԿ է բարձրացրել, իսկ հասարակությունը պահանջում է հաշվեհարդար։ Հասարակությունը ոչ թե այդ արժեքների հետևից է գնում, այլ փրկիչ է փնտրում։  Բոլոր հյուրերը վերահաստատեցին, որ իշխանության վարկանիշն անկում է ապրել։

Թեև զրույցը ՍԴ-ին չէր վերաբերում, Պետրոս Ղազարյանը երկու անգամ հեգնելով հնչեցրեց Հրայր Թովմասյանի անունը՝ «Բա էն ժամանակ, որ Հրայր Թովմասյանին ասում էինք մի գրեք սենց սահմանադրություն», «Հրայր Թովմասյանն անկա՞խ դատավոր է»։ Իշխանյանը պատասխանեց, որ Սահմանադրական դատարանը օրերս հակասահմանադրական ճանաչեց բանկային գաղտնիքի մասին օրնեքը, որն ամենալուրջ հարվածն էր հասցնելու բանկային գաղտնիքին, ներդրումներին և այլն։  Ահա Թովմասյանը։ Իրավապաշտանը նշեց, որ չի վստահում Քննչական մարմնին, ԱԱԾ-ին,  եթե Ծառուկյանի գործի հետ կապված կա անգամ քաղաքական բաղադրիչ, հարցը քաքաղաքական է․ «Գնացել  էին խուզարկելու տունը, բայց ցույց էին տալիս տան շքեղությունը, որպեսզի ազդեն հասարակության վրա, որ տեսեք՝ ձեր արյունը ծծողները։ Ինչ կապ ուներ դա քրեական գործի հետ՝ բնակչությանը սրել, որ տեսեք հարուստները, իսկ դուք աղքատ ապրում եք։ Իսկ անմեղության կանխավարկածը, որ Հայասատնում հաճախ է խախտվել, այնպիսի խախտումներ ինչպիսին վերջին շրջանում է լինում, դեռևս չեն եղել։ Ինչ վերաբերում է հեղափոխությունից հիասթափվածներին, լավ է հիասթափվեն գիտակցված, քան հուսահատ։ Երբ որ Ազգային ժողովում վարչապետը այնպիսի բառապաշար է օգտագործում՝ դուրսպրծուկներ և այլն, և այդ 88 հոգին ժպիտները դեմքներին ծափահարում են՝ իրենց քաղաքակիրթ անվանողները, ուրեմն իրենք  էլ  հավատարմության երդում են տվել վարչապետին»։ Հյուրերի կողմից հարց բարձրացվեց՝ արդյոք հասարակությունը պատրա՞ստ է  ունենալ  անկախ դատական համակարգ և չի թաղելու մի կամ մյուս կողմին՝ «մենք սրան ենք երկրպագում, սրա նկատմամբ արդադատությունը ճիշտ է,  մյուսինը՝ ոչ»։ Հակոբ Բադալյանը նշեց․ «Մենք չենք կարող դատաիրավական ռեֆորմ անել, քանի դեռ քաղաքական կյանքի բոլոր մասնակիցները չեն եկել ընդհանուր մի կոնսենսուսի»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է՝ 2018-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններին Պետրոս Ղազարյանն առաջադրվել էր ԲՀԿ-ի ցուցակից, Նաիրա Զոհրաբյանից հետո երկրորդ համարն էր։ Իսկ մինչ այդ երկար տարիներ աշխատել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում, վարել է «Ուրվագիծ» հաղորդաշարը։ 2016թ-ին Ծառուկյանը հրահանգել էր Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից, հետո ընդունել էր, 2018-ին նորից ազատել։