Բռնության է ենթարկվել «Նովոստի–Արմենիա» գործակալության օպերատորը

ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Նովոստի–Արմենիա» գործակալության օպերատոր Գարիկ Աբելյանը։

Նա հարվածներ է ստացել, որից հետո հայտնվել է գետնին, ոստիկաններից մեկը կանգնել է նրա ձեռքին`վ նասելով արմունկը։ Վնասվել է նաև օպերատորի տեխնիկան։ «Ես բոլորի հետ միասին ուղիղ եթերով հեռարձակում էի իրականացնում, երբ հայտնվեց ոստիկանությունն, այդ թվում հատուկ ստորաբաժանումները։ Նրանք ամուր օղակի մեջ վերցրեցին լրագրողներին, Ծառուկյանին և նրա հետ եղած մարդկանց։ Սկսվեց հրմշտոց, օղակը սեղմվեց, մենք չէինք կարողանում դուրս գալ։ Փորձում էի պահել տեխնիկան շարունակելով նկարահանել։ Մեզ ճնշեցին և սկսեցին անկանոն աջ ու ձախ հարվածել։ Ոչ ոք ոչինչ չէր հասկանում։ Ես ընկա, տեխնիկան վնասվեց, կանգնեցին ձեռքիս և վնասեցին արմունկս»,- newsarmenia.am֊ի հետ զրույցում նշել է Գարիկ Աբելյանը։

Ըստ օպերատորի` նա ուղևորվում է հիվանդանոց, որպեսզի ֆիքսի վնասվածքները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն աջակցություն է հայտնում «Նովոստի Արմենիա» գործակալությանը և Գարիկ Աբելյանին։ Հետամուտ ենք լինելու, որ միջադեպն անպատիժ չմնա, միջազգային և ներպետական օրենքների շրջանակում աջակցելու ենք Գարիկ Աբելյանին։