«Մեդիա պաշտպան»-ը պատրաստվում է կրկին դիմել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»

2019 թվականի նոեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր մետաղական ջարդոններ ընդունող մի քանի կազմակերպությունների հասցեներ և հեռախոսահամարներ և կոչ էր անում քաղաքացիներին, որպեսզի վերջիններս մետաղական ջարդոնները հանձնեն այդ հասցեներով։ Վարչապետը նշել էր, որ բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը այդ դեպքից հետո, գրառման մեջ կոռուպցիոն ռիսկեր տեսնելով, դիմեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։  Նախաձեռնության դիմումի մեջ ասված էր․ «Այս հայտարարության հիման վրա վարչապետը, իր դիրքն օգտագործելով, գովազդել է «Մետեքսիմ» ՍՊԸ-ին և կոչի միջոցով նպաստել է մասնավոր կազմակերպության գործունեությանը՝ փաստացի առավելություններ ապահովելով վերջինիս համար։  Միաժամանակ, հանրային կարևորության  հարցերի  մասին բարձրաձայնելու փոխարեն, վերջինս վարչապետի պաշտոնի ռեսուրսն օգտագործել է  տեղեկատուի դեր կատարելու համար՝ ինչը վայել չէ այս կարևորագույն հանրային պաշտոնին։  Ընդ որում, տեղեկատուի գործառույթն իրացնելիս՝ վերջինս ցուցաբերել է խտրական մոտեցում, այն է՝ ոչ թե թվարկել է մետաղների ջարդոններ մթերող և վերամշակող բոլոր կազմակերպություններին, այլ ցուցաբերել է ընտրողականություն՝ անտեսելով մրցակից ընկերություններին (ինչպիսին է, օրինակ, «Երկսևմեկ» ընկերությունը):

Օրեր առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետաղական ջարդոնների առևտրում կոռուպցիոն սխեմաների հետ է կապված։ Այս մասին իշխանության որևէ արձագանք չկա, իսկ «Մեդիա պաշտպան»-ի դիմումը ետ էին ուղարկել նախանշված ժամկետից ուշ, որպես պատճառներ նշելով որոշ չնչին շեղումներ, որոնք ի սկզբանե որևէ ազդեցություն չէին ունենալու ընդհանուր դիմումի բովանդակության վրա։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նորովի է կարևորում բարձրացված հարցը, պատրաստվում է այս խնդրով կրկին դիմել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։