«Մեդիա պաշտպան»-ը եթերը գրաքննության ենթարկելու միտում է տեսնում

Մայիսի 20-ին «1in.am»-ի տաղավարում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն, անդրադառնալով ՀՌՀ նոր օրենքին, մի քանի դիտարկումներ է արել, որոնք, ըստ նրա, լուծում են մեդիաոլորտի որոշ խնդիրներ։ Նոր օրենքի համաձայն՝ կարգավորվելու է եթերի բովանդակությունը: ՀՌՀ ղեկավարը նշել է՝ եթե չկա վերահսկողություն, ազատությունը բերում է մանիպուլյատիվ հնարքների, նպաստում է դեզինֆորմացիայի աճի տեմպին, և այդ մասին, ըստ Հակոբյանի, վկայում  են նաև եվրոպական, ասիական, ամերիկյան շատ երկրներ: Խոսելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում բովանդակային սահմանափակումների մասին` նա նշել է. «Եթե առաջ բովանդակային այդ սահմանափակումները շատ քիչ էին, ապա հիմա այդ սահմանափակումները վերաբերում են մարդկանց ճշգրիտ ինֆորմացիա ստանալու իրավունքի պաշտպանությանը: Օրինագծում կան դրույթներ, որոնք երաշխավորում են պատասխան խոսքի իրավունքը… Եվ եթե ինչ-որ հեռուստաընկերություն առավոտից երեկո թիրախավորում է, վարկաբեկում մի մարդու, ապա այդ մարդը, կազմակերպությունը, ինստիտուտը, ըստ նոր օրենքի, պատասխան խոսքի իրավունք ունի»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը եթերը գրաքննության ենթարկելու միտում է տեսնում։ Փաստացի, Տիգրան Հակոբյանը չի ներկայացրել որևէ մեխանիզմ, թե որ տեղեկատվութունն է համարվելու փաստ, որը մանիպուլացիա։ Այսպես՝ ԶԼՄ-ների խոսքի ազատությունն է սահմանափակվում, որոնք շատ դեպքերում հնարավորություն ունեն փակ աղբյուրներից հավաստի տեղեկություն ներկայացնելու։ Այս վերահսկումը ոտնձգությունն է ոչ միայն լրատվական դաշտի ազատությանը, այև կարող է ծառայել գործող իշխանությանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը փաստում է, որ նոր օրենքի նախագծով լայնածավալ հանրային քննարկումներ չեն իրականացվում, և մասնագիտական խմբերի կարծիքները հաշվի չեն առնվում։