Ստյոպա Սաֆարյանը մեղադրեց հեռուստաընկերություններին, Պետրոս Ղազարյանը պաշտպանեց

Հանրային հեռուստաընկերության եթերում մայիսի 19-ին Պետրոս Ղազարյանի հյուրը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էր։ Քննարկման թեման էր, թե ինչով է զբաղված հանրային խորհուրդը։ Ստյոպա Սաֆարյանն, անդրադառնալով ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային ուղղված իր խոսքերին, որը քննադատվեց հասարակական ու քաղաքական շատ գործիչների, այդ թվում` իշխանական պատգամավորների կողմից, ներողություն խնդրեց Էլիբեգովայից ու հանրությունից՝ նշելով․ «Այո, իմ կողմից տգեղ քայլ է եղել։ Ես նրա արտաքին տվյալներին ակնարկ եմ արել։ Ես ներողություն եմ հայցում տիկին էլիբեգովայից ու հանրությունից նման ակնարկ անելու համար»։ Հանրային խորհրդի նախագահը, որը պետք է ոչ թե նպաստի, այլ կանխի ատելության խոսքը, թիրախավորել է նաև հեռուստաընկերություններին. «Երեկ հեռուստաընկերությունների մի հայտնի զանգված՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին  պաշտպանող, լի ու բոլ լուսաբանել է այս միջադեպը։ Մինչդեռ նրանցից որևէ մեկը չի լուսաբանել, որ հանրային խորհուրդն ունեցել է հեռավար նիստ, որտեղ քննարկվել են շատ կարևոր հարցեր։ Հանրային խորհուրդը իր ամբողջ 10 տարիների գործունեության մեջ չի աշխատել այսպես»։ Պետրոս Ղազարյանն ավելացրեց. «Ասեմ ինչու՝ դուք լինելով հանրային խորհրդի նախագահ քաղաքականապես լոյալ չեք։ Դուք գրառումներ եք անում չորս վարչապետերի մասին, որոնք եկել էին միջնորդելու, որպեսզի Քոչարյանի կալանքը փոխվի, նրանք էլ էսպես են անում»։ Հիշեցնենք, Ստյոպա Սաֆարյանը իր կազմակերպված միջոցառմանն արգելել էր «News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների մուտքը։ Փաստացի, լրատվամիջոցների հետ չի համագործակցել և հարաբերությունները վատթարացրել է հենց Ստյոպա Սաֆարյանը, իսկ այժմ ակնակալում է համագործակցություն։ Պետրոս Ղազարյանը նշեց․ «Վազգեն Մանուկյանին էինք ասում, որ լինելով հանրային խորհրդի նախագահ քաղաքական գնահատականներ էր տալիս, հիմա նույնը դուք եք անում։ Ձեր գործունեությունը, որ նայում ենք տպավորություն է, որ դուք պայքարում եք նախկինների դեմ։ Դուք հանրային խորհրդի նախագահ եք՝ ինչով եք դուք զբաղված՝ էս ֆեյքն էս ասեց, էն ասեց։ Մարդիկ ասում են՝ պրն Սաֆարյանը չի գիտակցում իր հանրային պաշտոնը։ Ֆեյսբուքում մեկը սենց ասեց, ձեր պրոֆիլը տարան, ձեր պրոֆիլը բերեցին, սա հանրային խորհրդի նախագահի օրակարգ չի։ Ո՞ւր է հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը»: Իսկ Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե «Ձեզ նաև քննադատում են, թե ինչո՞ւ Միքայել Մինասյանի խոհանոցային լայվերը չեք դարձնում խորհրդի քննարկման առարկա», Սաֆարյանը պատասխանեց․ «Չեմ ուզում, չեմ դարձնում»: