Զարուհի Բաթոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2020թ-ի մայիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 87 հոդված, որոնցից 7-ը եղել է բացասական, 80-ը՝ չեզոք։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Հասարակության կողմից քննադատության է արժանացել այսօր ԱԺ-ի կողմից 79 ձայնով ընդունված Լանզարոտի կոնվենցիան (Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա)։ Հրապարակումներում ասվում է, որ այդ կոնվեցիան խնդրահարույց է և իր մեջ ԼԳԲՏ համայնքի քարոզ է պարունակում։ Հրապարակման մեջ նշվում է. «Հարկ ենք համարում հիշեցնել, որ Լառա Ահարոնյանը ևս բազմաթիվ գրանտներ է ստացել սորոսից՝ դպրոցներում և այլուր«սեռական» և ԼԳԲՏ թեմաներով ծրագրեր իրականացնելու համար։ Այս նույն շրջանակների կողմից էր կազմակերպվել մեծ աղմուկ հանած՝ 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված սեռական թեմատիկայով՝ «Իմ մարմինն անձնական է» գրքի քննարկումը, որին, ըստ էության,աջակցել էր նաև այս շրջանակների մտերիմ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը»։

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն իր խոսքում նշել է, որ իրենք Բաթոյանի ղեկավարած նախարարության բացթողումների մասին բազմաթիվ դիմումներ են ստանում․ «Լսելով Ձեր զեկույցը՝ տպավորություն է առաջանում, որ ոլորտում գրեթե բոլոր խնդիրները լուծված են, ամեն ինչ հիանալի է, սակայն այն դիմումները, բողոքները, որ մենք պարբերաբար ստանում ենք տարբեր բնագավառներից Ձեր ոլորտի վերաբերյալ, հակառակն են փաստում: Ցանկալի է՝ Դուք մի քիչ խոսեք, թե անցած տարի ի՞նչ բացթողումներ են եղել, ինչ խնդիրներ են եղել, որ չեք կարողացել լուծել, քանի որ, նայելով ընդհանուր պատկերին՝ կարելի է անցած տարին ոլորտի համար համարել, որպես ձախողման տարի, որովհետև մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք լուծված չեն»։ Բաթոյանը հակադարձելով խնդրեց պատգամավորին, որպեսզի վերջինս մատնշի, թե հատկապես ո՞ր ոլորտում կան քայլեր, որոնք ձախողել են: