Կոչ ենք անում ապահովել լրատվականի ազատ աշխատանքը

Ըստ Analitik.am կայքի՝ մայիսի 8-ի առավոտից 4-5 անգամ խմբագրություն է զանգահարել մի տղամարդ, որը ներկայացել է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան։

Նա պահանջել է ասել, թե ով է հրապարակել Սյուզաննա Բարսեղյանի վերաբերյալ նյութը Analitik.am կայքում: Ասել է, որ ուզում է խոսել գլխավոր խմբագրի հետ, որին ի պատասխան ասել են, որ իր հետ կապ կհաստատեն։ Այնուհետև տղամարդը զանգահարել և վիրավորանքներ, հայհոյանքներ է հնչեցրել:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում մամուլի նկատմամբ նման հարձակումները։ Հորդորում ենք քաղաքացիներին և պաշտոնատար անձանց հետևողական լինել խոսքի ազատության դեմ ճնշումներին:

Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը հետևողական լինել վերը նշված դեպքին և ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու լրատվականի խմբագրության և աշխատակիցների անվտանգությունը։