Արարատ Միրզոյանի մասին դիտարկված հոդվածներում գերակշռում են բացասականները

2020թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 230 հոդված, որոնցից 49-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 168-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին դիտարկվել են թե’ բացասական, թե’ դրական հոդվածներ, թեև բացասականը գերակշռում է։ Ըստ լրատվական հրապարակումների, ՔՊ-ում բավականին սրվել են ներանձնային հարաբերությունները։ Մամուլի հրապարակումների համաձայն, շուտով մանդատներ վայր կդնեն Աննա Կարապետյանն ու Վարդան Աթաբեկյանը։ ՔՊ աղբյուրներից պատասխանել են լրատվականի այն հարցին, թե եթե Վարդանին անհնազանդության համար են հեռացնում ու հանուն Սիմիդյանի, Աննան ինչո՞ւ պետք է վայր դնի մանդատը, չէ որ Արարատ Միրզոյանի հովանավորյալն է. «Մենք էլ չհասկացանք: Արարատը լուռ նստած հետեւում էր այդ ամենին։ Գուցե, որ Աննան նախկինների հետ կապ է ունեցել՝ Հովհաննես Սահակյանի օգնականն է եղել, դա՞ է պատճառը»: Իսկ եթե մանդատները վայր չդնեն, ի՞նչ կլինի․ «Վարիանտ չի, էլի մի քանիսի հարցն է քննարկվում` Սոնայի, Թագուհու․․․»,- նշել է աղբյուրը։

Ալեն Սիմոնյան-Էդմոն Մարուքյան միջադեպն, ըստ մամուլի, սկսեց այն բանից հետո, երբ Ալեն Սիմոնյանը վիրավորեց Անի Սամսոնյանին։ Մամուլն, անդրադառնալով միջադեպին, գրել է․ «Այսպիսով, կնոջը թիրախավորելը մեր խորհրդարանում դառնում է տղամարդկանց սիրելի զբաղմունքներից մեկը։ Եվ ամենատհաճն ու զարմանալին այն է, որ Աժ խոսնակ Արարատ Միրզոյանը, որն ի պաշտոնե, վարողի իրավունքով, կարող էր սաստել իր գործընկերոջը, սադրանք համարեց Էդմոն Մարուքյանի միջամտությունը, որը վրդովվել էր Ալեն Սիմոնյանի ելույթից»։

Մամուլի մեկ այլ հրապարակման համաձայն, լարված են նաև Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի հարաբերությունները: Բացի այդ, ըստ հրապարակման, Նիկոլ Փաշինյանը ևս ցականում է Տիգրան Ավինյանի հրաժարականը. «Փաշինյանն էլ փորձում է նրան ափ նետել, շնչահեղձ անել, այնուհանդերձ, արդեն իսկ խոսակցություններ կան թիմում, որ նրա նկատմամբ այլեւս «լիչնիյ նեպրիյազն» չունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որին «թեթեւ սահքով» նույն «գորշ կարդինալ» Ավինյանը առաջին փոխվարչապետից ուղարկեց ԱԺ` մլուլ տալու, գործադիրում ազդեցության ողջ դաշտը վերցնելով իր վերահսկողության տակ»: