«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում Մանե Գևորգյանին մնալ իր պարտականությունների շրջանակներում

Վեհափառ Գարեգին Երկրորդի հայտարարության մեջ նշվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին։ Այս հայտարարության հետ կապված մեկնաբանությունում վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն իր խոսքում հիշատակել է Սամվել Մայրապետյանին. «Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Աթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»։

Գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից դատական իշխանության գործառույթներին միջամտելը կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված իշխանության ճյուղերի անակախության և տարանջատման սկզբունքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Մանե Գևորգյանին մնալ իր պարտականությունների շրջանակներում և չմիջամտել դատական իշխանության գործերին։