Արայիկ Հարությունյանի մասին հրապարակվել են և՛ դրական, և՛ բացասական հոդվածներ

2020թ-ի ապրիլի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 141 հոդված, որոնցից 8-ը եղել է բացասական, 14-ը՝ դրական, 119-ը՝ չեզոք։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին հրապարակվել են և՛ դրական, և՛ բացասական հոդվածներ: Ըստ հրապարակումների` Արայիկ Հարությունյանը լավ չի տիրապետում հայերենին. «Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով»։ Տարօրինակ է, բայց հայերենի իմացությամբ չի փայլում նաև կրթության, գիտության, մշակույթի և ստորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Եթե Հայաստանում կոռուպցիան, հովանավորչությունը վերացել են, ինչպես բազմիցս ավետել է վարչապետ Փաշինյանը, եթե օրենքի առջև բոլորը հավասար են և ունենք 3 միլիոն վարչապետ, այդ դեպքում ինչո՞ւ է լեզվի տեսչության «վարչապետ» Դավիթ Գյուրջինյանն առաջարկում ընթացք չտալ շարքային «վարչապետների» ոչ հայեցի գրառումներին, իսկ, ինքն էլ զուգահեռաբար ընթացք չի տալիս «վարչապետներ» Արայիկ Հարությունյանի և Տաթևիկ Ռևազյանի լեզվական թռիչքներին»։

Ըստ մամուլի հրապարակումների` անհասկանալի իրավիճակ է ստեղծվել ԵՊՀ ռեկտորի ընտրությունների շուրջ. «Հիմա էլ պարզվում է՝ իրավիճակն ավելի է խճճվել։ Բանն այն է, որ ապրիլի 1-ին կառավարության որոշմամբ ավարտվել է հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունները, այսինքն՝ փաստացի այս պահին հոգաբարձուների խորհուրդը չի գործում, ինչի արդյունքում ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը այդպես էլ մնում է անորոշ։ Կրթության, գիտության և մի շարք այլ հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն էլ այսօր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ-ի շուրջ ստեղծված այս իրավիճակին, նշել է, որ արտակարգ դրության պայմաններում հարցն այս չեն քննարկել, իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո պետք է հասկանան՝ ինչ է լինելու»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հեռավար ուսուցման հասանելիության ապահովման վերաբերյալ առաջարկություն, որով նախատեսվում է անապահով ընտանիքների երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու համար պետական աջակցությամբ վերջիններիս ապահովել ինտերնետ կապով և պլանշետներով: Գաղափարն արժանացել է հավանության: