Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 27-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 27-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:

Ըստ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի՝ այն բանից հետո, երբ իրենք հրապարակել են տեղեկատվություն, որտեղ նշվում է, որ Գյումրիում մահացել է 70-ամյա տղամարդ, ում մոտ կորոնավիրուս է կասկածվում, ինքը զանգ է ստացել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից. «Ինձ հետ կապվում է Մանե Գևորգյանը և շատ բարկացած տոնով խոսում է: Ես Մանե Գևորգյանին առաջարկում եմ փոխել տոնն ինձ հետ խոսելուց և ասում եմ՝ մենք պատրաստ ենք օրենքով սահմանված պահանջներն իրականացնենք։ Մանե Գևորգյանն ինձ ասում է՝ ինքը կարող է ինձ 500 հազարով տուգանել։ Ես իրեն բացատրում եմ, որ ինքն ինձ տուգանելու լիազորություն չունի։ Մանե Գևորգյանը հրաժարվում է նաև ուղարկել պարետատան պաշտոնական հերքումը՝ ասելով՝ դե որ էդպես է, եթե օրենքով ենք շարժվում, ուրեմն ձեզ մոտ կգան ոստիկաններ և կապահանջեն, որ նյութը հեռացնեք»։

Մի քանի կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։ Այդուհանդերձ, արձանագրում ենք, որ վերանայված դրույթներում հստակ նշված չէ այն լիազոր մարմինը, որն իրավասու է Պարետատան անունից լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկություն կամ մեկնաբանություն տրամադրել: Դա արտակարգ դրության մասին որոշման համապատասխան կարգավորումների արդյունավետ կիրառման խնդիրներ է առաջացնում»: