Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 21-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 21-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Պարետատունը շարունակում է լրատվամիջոցներից և ֆեյսբուքյան օգտատերերից պահանջել, որպեսզի հրապարակված նյութերը հեռացվեն:

Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանն Aravot.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ ոստիկանության հրահանգով իրենց կայքից հեռացվել է մարտի 19-ի հրապարակումներից մեկը՝ Իրանում կորոնավիրուսի տարածման մասին: Պետրոս Ղազարյանն իր խոսքում նշել է. «Իրականում խնդիր կա: Շատ դժվար է ասել, թե միջազգային լրահոսը ինչպես է պետք ճիշտ ներկայացնել, որովհետեւ ձեւակերպումների հետ կապված օբյեկտիվ խնդիր ենք տեսնում: Օրինակ, երբ հղում ենք անում առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, փաստ չէ, որ նրա տվյալները խուճապ առաջացնող չեն: Մյուս կողմից, ԱՀԿ-ի կայքում թարմացումները դանդաղ են: Իրենց պաշտոնական տվյալները կարող են չհամապատասխանել ՀՀ-ի այսօրվա պաշտոնական տվյալներին: Հետեւաբար, օպերատիվության խնդիր կա, իսկ մենք օպերատիվ ռեժիմով ենք աշխատում»։

Հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանը մարտի 20-ին ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որից հետո մարտի 21-ին բժշկին այցելել են ոստիկանները և խնդրել են հեռացնել գրառումը։ Ըստ Արտավազդ Սահակյանի՝ ինքը խուճապ տարածող գրառում չի կատարել և, ըստ էության, ասել է այն, ինչը հետագայում կրկնել է նաև նախարար Արսեն Թորոսյանը. «Որպես առողջապահության ոլորտի աշխատակից՝ ասել եմ այն, ինչ ինձանից հետո առողջապահության նախարարն է ասել, որ մարդիկ պետք է քիչ շփվեն, կարգ ու կանոն պահեն, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Կենտրոնի ոստիկանությունից երկու երիտասարդ եկան եւ շատ հարգալից ասացին, որ իմ հոդվածը խուճապածին է: Բացատրեցի, որ ես ասել եմ նույնը, ինչ կառավարությունը, բայց մեկ է՝ իրենք, ասելով, որ մինչեւ քանի տարի ժամկետով ազատազրկման մասին է խոսքը, պահանջեցին, որ ջնջեմ, ինչը եւ արվեց»։

Վրացական մամուլի համաձայն՝ Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հատկանշական է, որ արտակարգ դրության պայմաններում գրաքննություն չի իրականացվելու։ Ըստ Հայաստանում գործող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ իրենց ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ արտակարգ դրության ռեժիմ սահմանելիս պետությունները հիմնականում զերծ են մնացել խոսքի ազատության սահմանափակումներից և ուսումնասիրված պետությունների շարքում միայն Հայաստանի, Հոնդուրասի և Ռումինիայի իշխանություններն են սահմանել նաև գրաքննության ռեժիմ։

Ըստ կազմակերպության տվյալների՝ առանց որևէ գրաքննության արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ղազախստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սերբիայում ու Մակեդոնիայում, և ինչպես արդեն նշվել է Վրաստանում։