Արտակարգ իրավիճակի պայմաններում սահմանափակումներն օրինաչափ են, բայց դրանք պետք է լինեն խելամիտ

ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ մտահոգություն հայտնելով, որ մեդիաների մի զգալի հատվածի խմբագիրներ տասնյակ հարցերից բաղկացած հարցում են ուղարկում այս պահին գերծանրաբեռնված ռեժիմով աշխատող պարետատանը: Նշելով մի քանի կետ, թե ինչ պետք է անեն լրագրողները, Վահագն Թևոսյանը պահանջել է մնացած բոլոր դեպքերում իրենց այլևս չանհանգստացնել:
Լրագրողները դեմ չեն ու չեն վարանում հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա, բայց այդ կառույցները նախևառաջ պետք է գոնե մինիմալը՝ հեռախոսազանգերին պատասխանեն։ Պարետատան պատասխանատուն փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն է, որն առաջին հերթին իր թիմակիցներին պետք է հորդորի իրարամերժ տեղեկատվություն չհրապարակել։ Նման պայմաններում լրատվության աշխատանքի կանոնները սահմանվում են հենց սկզբից ու խաղի կանոնները պետք է բոլորի համար նույնը լինեն։ Վերջին օրերին քիչ չէին դեպքերը, երբ մի պաշտոնյա մի բան էր ասում, մյուսը նրան հերքում էր ու այս ամենով հանդերձ հասարակությանն ու լրագրողներին էին կոչ անում խուճապ չստեղծել։
Արտակարգ իրավիճակի պայմաններում, ինչպես և միջազգային փորձն է վկայում, սահմանափակումները օրինաչափ են, բայց դրանք պետք է լինեն խելամիտ ու առաջին հերթին հենց պաշտոնյաները պետք է կազմակերպված լինեն ու տեղեկացված մեկը մյուսից՝ հստակ որոշեն ինչ են ասում, ոչ թե մեկը մյուսին հերքեն։ Տեղեկատվության օպերատիվությունը չպետք է ստորադասել տեղեկատվության ճշգրտությանը։ Արտակարգ դրության ռեժիմում կամ դրանից դուրս պետք է գիտակցել և ընդունել, որ պետությունը կազմված չէ միայն կառավարությունից, ԱԺ-ից և պարետատնից։ Երկրում շարունակում են գործել տարբեր ոլորտներ, այդ թվում՝ լրատվական դաշտը։
Ի դեպ, մենք պետական մակարդակով սկսել ենք կասկածի տակ դնել միջազգային կառույցների և տարբեր պետությունների տրամադրած ինֆորմացիան։ Այդ արշավին նաև միացավ Աժ պատգամավոր Վահագն Թևոսյանը։ Միջազգային լրահոսում հրապարակված տեղեկատվությունը կարող է տեղ գտնել ներհայաստանյան լրատվականներում։ Փաստացի, խոսքի ազատության սահմանափակում է տեղի ունենում այն դեպքում, երբ պետական պարետատան ինֆորմացիոն բլոկը թերանում է, իսկ միջազգային կառույցների և պետությունների տրամադրած ինֆորմացիան կասկածի տակ դնելը, հետագայում կարող է վնասել գործընկերական հարաբերություններին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն բազմաթիվ բողոքներ է ստանում լրագրողներից, որ պարետատունը թերանում է իր աշխատանքի մեջ։
Հորդորում ենք ԱԺ՝ մեդիայի հարցերով զբաղվող պատգամավորներին, այդ թվում՝ Վահագն Թևոսյանին, իր լրագրողական հարուստ փորձը ներդնել ու օրենսդրական այնպիսի կարգավորումներ մշակել, որոնք կլինեն տրամաբանական, շատ հարցումներ չեն առաջացնի ու կնպաստեն աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։