Մարտի 3-ին Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 11 րոպե 20 վայրկյան

Մարտի 3-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 11 րոպե 20 վայրկյան, որից 3 րոպե 45 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 2 րոպե՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 5 րոպե 35 վայրկյան՝ չեզոք դիտարկումներին։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։

Լուրերի թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավապաշտպան, «Ոչ» քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառմանն ու հայտարարություններին (2 րոպե 40 վայրկյան)։ Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ այս ընտրությունները պետք է բավարարեն միաժամանակ «Ոչ»-ի, «Այո»-ի և «Բոյկոտի» կողմնակիցներին: Մելիքյանը նշել է նաև, որ հանձնաժողովի անդամները միայն կուսակցությունների անդամները չեն, նրանց շարքում են հետաքրքրված քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել գործընթացին: Մելիքյանը հավելել է նաև, որ շուտով սկսելու է վստահված անձանց հավաքագրում: Իրավապաշտպանն ասել է. «Քաղաքացիներին մենք առաջարկեցինք, խնդրեցինք, որպեսզի նրանք դիմումներ ներկայացնեն, որպեսզի դիտարկենք նրանց՝ հանձնաժողովներում ընդգրկվելու հարցը։ Մոտավորապես 1000-ի ձգտող դիմումներ ստացանք։ Ի սկզբանե հենց ԼՀԿ-ն ու ՀՅԴ-ն մեզ հետ կիսվեցին տեղեկատվությամբ, հետո նաև՝ ՀՀԿ-ն»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Աժ նախագահն իր խոսքում փորձել է հիմնավորել Սահմանադրական փոփոխությունների գնալու քաղաքական ուժի որոշումը (48 վայրկյան)։