ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը սպառնում է ազատ խոսքին և լրատվամիջոցների ազատ գործունեությանը. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը հրապարակայնորեն կոչ է անում «մաքրել դատական համակարգը», այնուհետև «մաքրել չորրորդ իշխանությունը»: ԿԳՄՍ նախարարի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ուշադրությունն ենք հրավիրում փաստի վրա, որ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը հրապարակայնորեն զբաղված է լկտիության ու ակադեմիական ազատության սահմաններն անցնող քաղաքական քարոզչությամբ:

Հատկապես մտահոգեցուցիչ է, որ պետական ակադեմիական հաստատության դեկանի պաշտոն զբաղեցնողը ազատ խոսքի և լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ հրապարակայնորեն գռեհիկ մտքեր է հայտնում և 1930-ականների բոլշևիկներին ու գերմանական նացիոնալ-սոցիալիստներին հարիր կոչեր է անում:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանից և ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից կարգի հրավիրել ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանին ու նրա հետ բացատրական աշխատանքներ տանել հետագայում բացառելու համար լրատվամիջոցների գործունեության և ազատ խոսքի նկատմամբ գռեհիկ հարձակումները:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ ուշի ուշով հետևելու է բարձրագույն ուսումնական հաստատությունների քաղաքականացման ու լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտելու փորձերին և գործընթացի մասին տեղյակ է պահելու հանրությանն ու միջազգային կազմակերպություններին: