Այսօր Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցն է

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ 13 տարի առաջ այս օրը՝ 2007-ի հունվարի 19-ին, Ստամբուլում օրը ցերեկով թուրք ազգայնականների կողմից սպանվեց «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Յուրաքանչյուր տարի հունվարի 19-ին հազարավոր մարդիկ են հավաքվում «Ակոս»-ի խմբագրության մոտ, որտեղ և սպանվեց պոլսահայ լրագրողը: Չնայած իր հասցեին հնչող բազմաթիվ սպառնալիքներին, Դինքը շարունակում էր խոսել խոսքի ազատության կարևորության, Թուրքիայում մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին: Նրա խոսքը ազդեցիկ էր, ելույթներն ու հոդվածները իր պես՝ համարձակ։ Նրա ծավալած ակտիվ գործունեության շնորհիվ Թուրքիայում սկսեցին խոսել Ցեղասպանության մասին, նա հիշեցրեց թուրքահայ համայնքի գոյության ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Դինքի սպանության գործով 76 կասկածյալ է անցնում: Դատապարտվել են միայն անմիջական մասնակիցները: Նրա ընտանիքի անդամներն ու ընկերները շարունակում են պայքարը գործի ամբողջական բացահայտման համար:
Ի դեպ, այսօր և վաղը երեկոյան Երևանի ժամանակով 19։30-ից մինչև 01։00 Պոլսում, «Ակոս» թերթի նախկին խմբագրատան շենքի վրա հատուկ լուսային էֆեկտով սավառնելու է աղավնի։ Իր վերջին՝ 2007-ի հունավարի 10-ին հրապարակված հոդվածում Դինքն իրեն համեմատել էր աղավնու հետ։