Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում

Այսօր այն պահին, երբ վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանում առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա», նույն ժամին ԱԺ-ում քննարկում էին հեռուստառադիոընկերությունների ապագան, որտեղ բազմակարծությունը պետք է այլընտրանք չունենա։ Հեռուստատեսության և ռադիոյի մասին մինչ այս ներկայացված օրենքի նախագիծը երկար քննարկումներից հետո օրակարգից դուրս եկավ մի շարք վիճահարույց հարցերի պատճառով։ Այսօր օրենքի նախագծի անունը վերաձևակերպել էին։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ նոր օրենքը, պետք է կարգավորի ոչ թե հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը, այլ տեսալսողական ծառայությունների մատուցումը: Հետևաբար, այն պետք է կոչվի ոչ թե «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին», այլ «Հեռարձակման մասին» կամ «Տեսալսողական ծառայությունների մատուցման և մատուցողների մասին»: Ըստ նրա, գործող օրենքը շատ թույլ է կարգավորում իրավահարաբերությունները մեդիաոլորտում, չի տալիս ազգային տեսալսողական դաշտի սահմանումը, չի նպաստում հեռուստաընկերությունների զարգացմանը և հեռուստաընկերությունների զարգացումը Հայաստանում դանդաղում է այն պատճառով, որ տեսալսողական ծառայություններ մատուցողները ընդհանրապես չեն վերահսկվում և ազատ են թե՛ բովանդակության մեջ, թե՛ հեղինակային իրավունքի խախտման, թե՛ լեզվական նորմերի և այլ առումներով։ Տիգրան Հակոբյանը կարծում է, որ հեռուստատեսությունների տեխնիկական լիցենզավորումը պետք է վերացվի, փոխարենը խիստ լիցենզավորվեն այդ տեսաձայնային ծառայությունների մատուցման ուղիները: Տիգրան Հակոբյանը կարևորեց մասնավոր հեռարձակման թվային ցանց՝ մուլտիպլեքս ունենալու հարցը. «Դեռևս պարզ չէ՝ տեխնիկապես հնարավո՞ր է արդյոք ունենալ մասնավոր հանրապետական ծածկույթով մուլտիպլեքս ու մարզային մուլտիպլեքսներ: Մի մասն ասում է, որ ֆանտաստիկ ներդրումներ են պետք»: Ըստ նրա՝ տրամաբանական է, որ բոլոր երկրներում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվողները կոշտ չափանիշների են ենթարկվում. «Միայն Հայաստանում է, որ այդ չափանիշները մշակված չեն։ Այս առումով մեր մոտ «աջաբսանդալ» է»:

ՀՌՀ նախագահն անդրադարձավ նաեւ խորհրդարանական լսումները նախաձեռնած ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի այն դիտարկմանը, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը հետհեղափոխական Հայաստանի տրամաբանությանը չի համապատասխանում: Ըստ Տիգրան Հակոբյանի՝ խնդիրը ոչ թե քաղաքական ենթատեքստ ունի, այլ 21-րդ դարի չափանիշներին համապատասխան լինելու անհրաժեշտություն:

Ելույթներով հանդես եկան ոլորտի պատասխանատուներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մեր գործընկերը, պատգամավորներ։ Մեր բարձրացրած հարցերը վերաբերում էին երկրում խոսքի ազատության, բազմակարծության ապահովմանն, ինչպես նաև լրատվության բազմակողմանիությանը, որին, ի դեպ, անդրադարձավ նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ հնչող գեղեցիկ խոսքերը հեռու են իրականությունից և այսօր ամենամեծ ճնշման տակ հեռուստաընկերություններն են։ «Մեզ օրենքով ասում են՝ սա կարող եք, սա չեք կարող, և այդ սահմանափակումներով, կաշկանդումներով, որոնք իհարկե անհրաժեշտ են, մենք կանք կաբելային հեռուստաընկերություններում։ Այնտեղ կան նաև ինտերնետ TV-ներ, որոնք հեռուստատեսության մասին օրենքին չեն ենթարկվում, բայց մեզ հետ նույն հարթակում են»։ Կան քաղաքական ուժեր, որ որոշել են՝ այսինչ հեռուստատեսությամբ չներկայանալ, այդ դեպքում կարո՞ղ է արդյոք հեռուստատեսությունը ապահովել բազմակողմանիություն և օբյեկտիվություն,- նշեց Մանուկյանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, կարևորելով նման քննարկումները, հույս է հայտնում, որ օրենքի նախագծի հեղինակները չեն շրջանցի հնչեցված մտահոգություններն ու առաջարկները, և վերջնական տարբերակը կլինի այնպիսին, որը կբավարարի բոլոր կողմերին և պայամանավորված չի լինի օրվա քաղաքական իշխանության շահերով։