Վիրավորել են «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրողներին

«Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Նանե Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ըստ որի Եղվարդ քաղաքում ծննդատան փակման հետ կապված բողոքի ակցիան մի քանի օր է ինչ ուղիղ եթեր է հեռարձակվում իրենց հեռուստաալիքով։

Ըստ Նանե Հայրապետյանի՝ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս միջադեպեր են գրանցվել։ Որոշ մարդիկ մոտեցել են լրագրողներին և վիրավորել նրանց մասնագիտական աշխատանքը. «Որոշ սադրիչներ այսօր իրենց իրավունք են վերապահել ու ուղիղ եթերում ասում են «Ինչ եք սրանց դեմը կայնում խոսում, ով պետք ա կգա կխոսա, դուք ինչ եք խոսում», այսինքն լրատվամիջոցներն իրենց համար սրանք են»,- գրել է Նանեն։

Տեղեկատվության համաձայն՝ մի տղամարդ էլ հայտարարել է, որ լրագրողներն ապատեղեկատվություն են տարածում։ Ինչպես հետագայում հայտնել են Եղվարդ քաղաքի բնակիչները, այդ տղամարդը ՔՊ կուսակցության անդամ է և ավագանի։

«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրագրողների և լրատվականների նկատմամբ նման վերաբերմունքը։ Նախաձեռնությունը հորդորում է քաղաքացիներին և ավագանու ներկայացուցչին կոռեկտություն պահպանել, չանցնել մարդկային բարեկրթության սահմանները, հարգել լրագրողների մասնագիտական աշխատանքն ու անձնական վիրավորանք չհասցնել լրագրողներին։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Եղվարդ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներին պարզել իրենց գործընկերոջ անձն ու բացատրական աշխատանք տանել նրա հետ, որպեսզի նմանաբնույթ դեպքերն այլևս բացառվեն։