Հասարակությունը և փորձագետները երկակի կարծիքներ ունեն

2020 թ-ի հունվարի 1-ից 7-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 125 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 24-ը՝ դրական, 92-ը՝ չեզոք։

ԱԳ նախարարության մասին այս տասնօրյակում դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։

Իրան-ԱՄՆ կոնֆլիկտի պատճառով Հայաստանում հասարական և քաղաքական գործիչներն ակնկալում էին ԱԳՆ-ի թիրախային արձագանքը, այդ հարցում դժգոհություններ եղան։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը խորհուրդ է տվել ԱԳՆ շենքի մոտ շտապօգնության հերթապահություն սահմանել, որպեսզի նախարարի սիրտը պատահաբար չվատանա։

Նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը գրել է, որ ԱԳՆ-ի հաղորդագրություն (արդեն) կա, ԱԳ նախարար չկա։

Արմեն Հակոբյանի Ֆեյսբուքյան գրառման համաձայն, ԱԳՆ-ն արձագանքեց դեպքերին միայն երեկոյան, ընդ որում, այդ հայտարարությունը լղոզված էր։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Երբ ԱԳՆ-ն անգույն ու տտիպ հայտարարություններ է անում, իսկ երկրի գեներալներն ինքնագլուխ արտաքին քաղաքականություն վարում, երբ նրանց քննադատելու փոխարեն Հայաստանի վարչապետը տեղերում հանգիստ նստելու սպառնալիք է հնչեցնում իրավիճակը վերլուծող քաղաքագետներին` հարց է առաջանում, թե ուր է գնում այդ երկիրը»։

Արեւելագետ Կարեն Վերանյանն էլ նշել է, որ ԱԳՆ հայտարարությունը բխել է մեր ազգային շահերից և այդ հայտարարությամբ փորձ է արվել հավասարակշիռ դիրքորոշում ներկայացնել։

«Սասնա Ծռեր» կուսակցությունը նույնպես ողջունել է ԱԳՆ հայտարարությունը։

Այսպիսով, հասարակությունը և փորձագետները երկակի կարծիքներ ունեն, և ԱԳՆ-ն, ըստ երևույթի, պետք է պարզաբանում ներկայացնի կամ փորձի կողմերին բավարարող քայլեր իրականացնել։