Կառավարության մասին բացասական հոդվածները գերակշռում են

2020 թ-ի հունվարի 1-ից 7-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 128 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 24-ը՝ դրական, 62-ը՝ չեզոք։

Կառավարության մասին դիտարկվել են և՛ դրական, և՛ բացասական հոդվածներ, սակայն բացասական հոդվածները գերակշռում են։

Մամուլի վերլուծականների համաձայն, «Ֆեյք» օգտատիրոջն այսպես բուռն արձագանքելն ի վնաս է աշխատելու Հայաստանի համար։ Հոդվածում ասված է. «Կառավարությունը, ցավագին արձագանքելով ամեն բառին, որը դուրս է «թույլատրելիի» սահմաններից, բացում է իր աքիլեսյան գարշապարը: Հիմա Հայաստանում և Հայաստանից դուրս կառավարության հակառակորդները գիտեն թույլ տեղերը եւ հավանաբար էլի են խփելու»:

Մեկ այլ վերլուծականի համաձայն, Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, պատահական չէ։ Հրապարակման մեջ նշվում է, որ Փաշինյանը հասկացել է, որ իր կառավարությունը գրեթե բոլոր ոլորտներում ձախողում է, և փորձում է այժմ մեղավորներ փնտրել իր թիմում, և պատասխանատվությունն իր վրայից գցելու համար նա մտադիր է մինչև մարտ կոալիցիոն կառավարություն կազմելու առաջարկ անել ԲՀԿ-ին ու «Լուսավոր Հայաստանին»:

Կառավարությունը քննադատությունների է արժանացել նաև ավտոներկրման հետ կապված։ Ըստ հոդվածի, 2019 թ-ին Հայաստանը Եվրասիական միության անդամ պետություններին մեքենա մատակարելու նպաստավոր հարթակ էր դարձել, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից այդ հարթակն էլ է փակվել, իսկ կառավարությունը, ըստ հրապարակման, ոչինչ չի արել, որպեսզի մաքսավճարները չթանկանան և սպառողների բեռը փոքր-ինչ թեթևանա։

Արսեն Բաբայանը, ֆեյսբուքյան էջում հրապարակելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նկարը, գրել է․ «Բացի «Նոր Հայաստանի» կառավարությունից ուրիշ ո՞ր պետության կառավարությունը թույլ կտար, որ փաստաթղթերի կեղծմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտված սույն դասալիքի դիմաց շարեին զինվորականների, որ ինքն էլ թևերը խաչած կանգներ դիմացներն ու առանց ամոթի ինչ-որ բաներ խոսեր»:

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանն էլ ասել է, որ կառավարությունը ոչինչ չի անում Ջերմուկում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ։

Ըստ հրապարակումներից մեկի, Կենտրոնական բանկը հրապարակել է օտարերկրյա ուղղակի ներդրումների վիճակագրությունը։ Մինչ կառավարությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե արտաքին կապիտալի հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ բարձր են, ԿԲ տվյալներն այլ բան են ասում։

Որպես դրական լուր, դիտարկվել է այն հրապարակումը, ըստ որի՝ Զբոսաշրջության կոմիտեի կանխատեսմամբ՝ 2020-ի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թիվը 14 տոկոսով կաճի։

Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանն էլ ասել է, որ Կառավարությունը վերջերս լավ նախաձեռնությամբ է հանդես եկել։  Ազգային ժողովում է արդեն այն օրենսդրական նախաձեռնությունը, որով ապօրինի հարստացմամբ ձեռք բերված գույքը, առանց դատարանի որոշման, կարող է բռնագանձվել։