Ապահովել խոսքի ազատությունը և հեռուստատեսություններին թողնել լինել բիզնես. քննարկում, թե ինչպիսին պետք է լինի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը (տեսանյութ)

Լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու Երևանի մամուլի ակումբը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ էին մշակել ամռանը, համաձայն որի՝ առաջարկվում էր հրաժարվել լիցենզավորման գործընթացից՝ այն փոխարինելով ավտորիզացիայով: Նախագծով առաջարկվում էր տարանջատել հանրային և մասնավոր հեռարձակողներին: Մասնավորապես՝ հնարավորություն տալ մասնավորներին սեփական մուլտիպլեքսներ ունենալ՝ հեռարձակման թվային ցանցեր: Նոր նախագիծը մշակողները նշում էին, որ գործող օրենքն անբարենպաստ է մասնավոր թվային ցանց գործարկելու համար, հետևաբար բոլոր հեռարձակողները կենտրոնանում են մեկ պետական թվային ցանցում։

Հիշեցնենք, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքն ընդունվել է 2000 թվականին: Լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ այն վաղուց հնացել է: Եթե տարիների ընթացքում պարբերաբար փոփոխություններ կատարվեին, միգուցե հիմա շտապելու կարիք չլիներ: Նախագիծը մշակողները ցանկանում են, որ այն ուժի մեջ մտնի մինչև 2021 թվականը․ այդ տարի հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ է անցկացվելու:

Այսօր այդ թեմայով քննարկում էր նախաձեռնվել ոլորտի մասնագետների մասնակցությամբ, որի մեկնարկին «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հեղինակ Աղասի Ենոքյանն ասաց, որ այժմ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր նախագիծն ուժի մեջ չէ, չկա, սակայն իրենք այդ նախագծի մասին քննարկում են ունեցել: Այդ նախագծի դրական կողմն այն էր, որ տեսել են, թե ինչպես չպետք է լինի օրենքը հեռուստատեսության մասին: Աղասի Ենոքյանը նշեց, որ այսօրվա քննարկման իմաստն է հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ ոլորտին:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել․ այն գործիք կդառնա ընդդեմ խոսքի ազատության»: Այս մասին  ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով՝ նախագիծը պետք է  խոսքի ազատությունն ապահովեր, և հեռուտատեսությունները մնային նաև որպես բիզնես, հնարավոր լիներ գովազդային բյուջեներ գեներացնել, որը կկարողանա հեռուստատեսության ու ռադիոյի կենսագործունեությունն ապահովել:

Անդրադառնալով խոսքի ազատությանը՝ Աղասի Ենոքյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, որ հեռուստատեսությունները ամբողջովին չեն վերահսկվում իշխանության կողմից և, ըստ քաղաքագետի, դրա արդյունքում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին նոր օրենքի նախագիծ մշակվեց:

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավարը նշեց, որ այդ նախագծի էությամբ բոլոր հեռուստատեսությունները պետք է եթերից դուրս գային, և մնար միայն Հանրային հեռուստատեսությունը։

«Շատ ուրախ եմ, որ բոլորիս ջանքերով կարողացանք կասեցնել այդ ոչ այդքան տրամաբանական քայլը, և պետք է մտածել, թե ինչ սկզբունքներ պետք է լինեն նոր օրենքի հիմքում»,- ասաց Ենոքյանը։

Նրա խոսքով՝ «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին նոր օրենքում պետք է գոնե 2 սկզբունք լինի․ առաջին ամենակարևորը՝ խոսքի ազատությունը հնարավորինս ապահովելը, երկրորդը՝ հեռուստատեսությունները և ռադիոները պետք է մնան որպես բիզնես»:

«Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ նման նախագիծը չի կարող կյանքի կոչվել և ցանկացած իշխանության ձեռքին գործիք կդառնա։

Նա ներկայացրեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը ընդունվելու դեպքում ամենամեծ վտանգները։ «Առաջին՝ Հանրային հեռուստաընկերությունը դառնում է հսկա կառույց, որը նաև շատ թանկ է նստում հարկատուների վրա: Երկրորդ. այս օրինագծում չի երաշխավորվում արդեն կայացած հեռուստաընկերությունների հետագա սփռումը, քանի որ կասկածելի է, որ մասնավոր հանրապետական մուլտիպլեքս կկառուցվի։ Երրորդ՝ այս օրինագծի նախաձեռնողները և կողմնակիցները նվազագույն սոցիալական փաթեթում ներառում են միայն Հանրային հեռուստաընկերությունը․ անթույլատրելի է»,- ասաց Սեյրանյանը։

Նրա խոսքով՝ նոր օրինագծում մոռացության են մատնվում ռադիոկայանները, քանի որ այդ օրինագծով այլևս հնարավոր չի լինի մարզերում ռադիոընկերություն բացել։ «Նախագիծը բավական փնթի և խրթին լեզվով էր կազմված՝ շատ հաճախ անհեթեթ ձևակերպումներով»,- ասաց նա։

«Ես ներկա պարագայում նոր օրենք գրելու համար լուրջ, առարկայական պատճառներ չեմ տեսնում»,-այս մասին էլ  քննարկմանն ասաց Armnews FM-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը։

Նա նշեց, որ որոշակի խնդիրներ կան, որոնք շտկումների, ենթաօրենսդրական փոփոխությունների կարիք ունեն, սակայն նոր օրենք գրելու համար լուրջ, առարկայական տեսլական չի տեսնում։

«Մենք նոր իրողություններ ունենք, որոնք ապագայում՝ հատկապես ռադիոկայաններում, նոր օրինագիծը խնդիրներ կառաջացնի, քանի որ այսօր հեռուստատեսությունները թվայնացված դաշտում են աշխատում, բայց ռադիոկայանները դեռևս անալոգային են։ Քանի դեռ տեխնիկական բազան ապագա փոփոխություններին հարմարեցված չէ, նոր օրինագծի մասին խոսելը վաղաժամ է»,- ասաց նա։

Լիլիթ Թումանյանի խոսքով՝ այս դեպքում փոփոխությունները վտանգավոր կարող են լինել, քանի որ անհավասարություն կարող է ստեղծել։ «Երբ մենք հրավիրվեցինք ԱԺ՝ համատեղ քննարկում կազմակերպելու, մասնագիտացված ոլորտի ներկայացուցիչներն առաջարկեցին, որ մինչ նոր օրինագծի մշակումը լայն, հանրային քննարկումներ են անհարժեշտ»,- նշեց նա։

Ըստ Լիլիթ Թումանյանի՝ նախքան օրենսդրական փոփոխությունները, հարցի մասին պետք է բոլոր կողմերը քննարկեն, քանի որ հնարավոր չէ գործունեություն սահմանափակող կամ կարգավորող օրենսդրական դաշտի փոփոխություններ առաջարկվեն՝ առանց բոլորի մասնակցության։

«Երկիր Մեդիա»  ընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանն էլ ասաց, որ օրենքի նախագիծ չկա, որովհետև լրատվամիջոցների ներկայացուցիչներ ԱԺ-ում հանդիպել են պատգամավոր Վահագն Թևոսյանի հետ և հավաստիացում են ստացել, որ այս պահին նախագիծ չկա, և իրենց առաջարկները տեղ կգտնեն կամ նոր օրենքում կամ փոփոխություններում:

«Վերգետնյա հեռարձակողներն այլ իրականության մեջ էինք տասը տարի առաջ, հիմա՝ այլ: Պետք է մտածել տարբերակ, որ բոլորը գործեն հավասար դաշտում: Ես այսօր խոսեմ բովանդակությունից. շատ կարևոր և դժվար ժամանակներում ենք ապրում և մեր գործունեությունը, բացի խոսքի ազատությունից ու քաղաքացիական հասարակության ձևավորման պրոցեսներից, ուղիղ կապ ունի մեր ազգային անվտանգության հետ, և ես ուզում եմ, որ մենք մեր պարտականությունը նաև այդ մասով գիտակցենք»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն էլ ասաց, որ կա մեկ իրողություն, որ գործող օրենքը բավարար չէ. «Իմ սուբյեկտիվ պատկերացումները հեռուստաընկերությունների, նման ծառայություններ մատոցողիների մասով հետևյալն է, որ ժողովրդավար երկրներում դրանք պետք է լինեն շահույթ հետապնդող և պետք է  իրենց լավ զգան, որոնք պետք է հարկեր վճարեն և դրանից մեծանա բյուջեն, և այդ ամենը պետք է  կարգավորված լինի օրենքով»,-ասաց պատգամավորը:

Վահագ Թևոսյանը ասաց՝ մամուլի ազատության տեսակետից բոլորս Հայաստան ենք, ինքնակարգավորման մոդելն էլ լավ մոդել է, և ինքը հակված է հետևյալին. «Ցանկացած իշխանություն, ով ամենաամուրն է կառչած, փոփոխական է, այս պահի դրությամբ հարմարեցնել ինչ-որ բան, կոմֆորտի մեջ հայտնվելու համար, իմաստը չեմ տեսնում, որովհետև դա անհեռատես է, պետք է հարաբերություններն այնպես սահմանել, որ ցանկացած պարագայում, ցանկացած իշխանության գալու դեպքում, այդ ինստիտուցիաներն այնքան ամուր հիմքերի վրա պետք է դրված լինեն, որ մեկը մյուսի նկատմամբ չկարողանա որոշակի ոտնձգություն իրականացնել»:

Սկզբնաղբյուրը՝ tert.am