«Մեդիա Պաշտպան»-ը դատապարտում է խոսքի և ազատ մամուլի ազատության դեմ ուղղված այս գործողությունը

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի և սոցիալական ցանցերի հրապարակումներից տեղեկացավ, որ այսօր ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանին զանգահարել են և, ներկայանալով որպես Ոստիկանության 6֊րդ վարչության աշխատակից, նրա ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ հրավիրել են Ոստիկանության բաժին` բացատրություններ տալու։ Վարդուհի Իշխանյանը հրաժարվել է ներկայանալ, որից հետո նրա բնակարան են այցելել անձիք ու շուրջ 15 րոպե պահանջել են բացել բնակարանի դուռը և ինչ֊որ թղթեր ստորագրել։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է խոսքի և ազատ մամուլի ազատության դեմ ուղղված այս գործողությունը։ ՀՀ իրավապահ համակարգին հորդորում ենք պարզել և հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանում տարածել, թե ովքեր են եղել ankakh.com կայքի գլխավոր խմբագրին զանգահարած և նրա բնակարան այցելած անձիք, ինչ նպատակ են հետապնդում և որքանով են իրավաչափ այս գործողությունները։

Միևնույն ժամանակ, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ ուշի ուշով հետևում է ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանի շուրջ ստեղծված իրավիճակին և օպերատիվ կարգով հանրությանը տեղեկացնելու է իրադարձությունների զարգացման մասին: