«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում պահպանել համակողմանի լուսաբանման սկզբունքը

Ազատություն TV լրատվական կենտրոնի հոկտեմբերի 28-ի թողարկմանն անդրադարձ է կատարվել կասեցված լիազորություններով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դատավարությանը: Դատավարությունից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով իր նկատմամբ մեղադրանքի էությանը, ասել է․ «Ինձ քաղաքական դաշտից հեռու պահելու քաղաքականություն է իրականացվում»։ Նաև նշվում է, որ Սանասարյանն իր վերջին ասուլիսի ժամանակ մեղադրել է Վանեցյանին, մասնավորապես, նշելով, որ իր դեմ հարուցված գործն ուղղորդվել է նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։  Լրագրողը, ներկայացնելով միայն մեկ կողմի դիրքորոշումը և, ռեպորտաժում չներառելով Վանեցյանի տեսակետն ու չստանալով Վանեցյանից պարզաբանում, դրանով իսկ չի ցուցաբերել անաչառ մոտեցում։ «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում Ազատության լրատվական ծառայությանը պահպանել համակողմանի լուսաբանման սկզբունքը։