Դրական հոդվածները գերակշռում են

2019 թ-ի հոկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 62 հոդված, որոնցից 8-ը եղել է բացասական, 24-ը՝ դրական, 30-ը՝ չեզոք։

Գագիկ Ծառուկյանի մասին երկրորդ տասնօրյակն անընդմեջ դրական հոդվածներն ավելի շատ են։ Հրապարակումները մեծամասամբ կապված են հասարակական դաշտի հետ կապ։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բարգրատյանն անդրադառնալով ներքին քաղաքականությանն ու ձերբակալություններին՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է. «Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ մենք օլիգարխներ չունենք: Հիմա ես անուններ տա՞մ: Էդ ո՞ր մեկն է դրանցից՝ առաջ օլիգարխ էր, հիմա օլիգարխ չի: Հիմար գործարար է, հա՞: Բոլորին հարգում եմ, բայց, ասենք, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը հիմա օլիգարխներ չե՞ն»։ Ըստ Բագրատյանի, Գագիկ Ծառուկյանը կլասիկ օլիգարխ է։

Ըստ լրատվական հրապարակումների, խաղողի մթերումների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «զարմանալիորեն» այս տարի որևէ աղմուկ-աղաղակ չի նկատվում մթերումներից առաջ։ Ասում են, որ վարչապետի խոսքն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին։ Լրատվականը գրում է, որ նախկինում Ծառուկյանը հայտարարում էր, որ մթերելու է «իքս» գնով, հետո մթերումից առաջ գինն իջեցնում էր։

Գառնիի մարզամշակութային կենտրոնում արվեստասեր հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտել սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ «Ես և նա» սիրային մոնոդրաման։  Ըստ լրատվականների, այն ֆինանսավորվել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից։  Հիմնադրամի շնորհիվ կայացել է նաև Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը։

Ըստ հրապարակումների, Գագիկ Ծառուկյանն ուշադրության կենտրոնում է պահել զինծառայողների ծնողներին, և նրա աջակցությամբ Գեղարքունիքի մարզի զինծառայողների ծնողները կրկին մեկնել են Արցախ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն, անդրադառնալով ԲՀԿ համամասնական ցուցակի ներկայացուցիչ Հմայակ Հովհաաննիսյանին, որը վերջերս քննադատում է Գագիկ Ծառուկյանին, գրել է. «Թող ինձանից չվիրավորվի Գագիկ Ծառուկյանը, բայց հասարակության մի ստվար զանգված ժամանակին նրանից երես թեքեց՝ Բարգավաճի համամասնական ցուցակում Հմայակի անունը տեսնելով: Երևի այս փաստը խելակորույս է արել նաև գրդոնչուն, որն՝ ուրանալով Ծառուկյանի առատաձեռնությունը, բարեսրտությունը, այսօր որոշել է խոպանի նոր սեզոն բացել՝ ԲՀԿ առաջնորդին անվանարկելու հաշիվն»: Հմայակ Հովհաննիսյանին քննադատել են նաև ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը։