Արմեն Սարգսյանն այս տասնօրյակում կարողացել է վերականգնել իր դրական իմիջը

2019թ-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 828 հոդված, որոնցից 16-ը եղել է բացասական, 40-ը՝ դրական, 772-ը՝ չեզոք։

Նախագահ Արմեն Սարգսյանն այս տասնօրյակում կարողացել է վերականգնել իր դրական իմիջը լրատվականներում։  Դրական է գնահատվել այն լուրը, որ Քարդաշյան քույրերի և Արմեն Սարգսյանի լուսանկարը հրապարակվել է բրիտանական մամուլում։ Նշվում է, որ Արմեն Սարգսյանի լուսանկարն ավելի մեծ ուշադրության է արժանացել, քան վարչապետի սելֆին Քիմ Քարդաշյանի հետ։

Նշվում է, որ սեպտեմբերի 21-ին մեր անկախության օրը Եվրոպական պետությունները չեն շնորհավորել և միակ պետությունը Իտալիան է եղել, որը շնորհավորել է մեզ, որովհետև Արմեն Սարգսյանն ընկերական հարաբերությունների մեջ է այդ պետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր խոսքում ասել է. «Մենք տեսանք, թե Եվրամիությունն ինչ արեց Հայաստանի իշխանությունների հետ սեպտեմբերի 21-ին, երբ ընդունված է, որ երկրները շնորհավորում են միմյանց անկախության տոնի առթիվ, Եվրամիությունից շնորհավորանք չեկավ: Կատեգորիկ ոչ մի երկիր չշնորհավորեց, բացի Իտալիայից, որն Արմեն Սարգսյանին շնորհավորեց՝ հաշվի առնելով նրանց ընկերական հարաբերությունները: Եվրամիության շարժիչ ուժերը՝ Ֆրանսիան ու Գերմանիան, չշնորհավորեցին: Լեհաստանն ու Լիտվան, որոնք մշտապես ողջունել էին անցած տարվա իշխանափոխությունը, չշնորհավորեցին: Լուռ մնաց նաև Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունեցող Սլովակիան»։

Գրում են, որ Արմեն Սարգսյանը World Economic Forum կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ: Շվաբին գովեստի խոսքեր է ուղղել Արմեն Սարգսյանին. «Դուք այն բացառիկ քաղաքական գործիչներից եք, որն ապագայի նկատմամբ տեսլական ունի, ինչը Դուք նաև ի ցույց եք դրել Ձեր երկար տարիների գործունեության մեջ ու հրապարակումներում»։

Շվեյցարիայում գտնվելու ընթացքում՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ նշանավոր անձանց խմբի քննարկմանը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել է, որ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ նշանավոր անձանց խմբի նախագահ։

Արմեն Սարգսյանը շարունակում է մեղադրվել սահմանադրականությունը չպահպանելու և իր վրա դրված պարտականությունները չկատարելու համար։ Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան առճակատում է սկսվել այն բանից հետո, երբ, ըստ մամուլի հրապարակման, Նիկոլ Փաշինյանը դիմել է Արմեն Սարգսյանին, որպեսզի վերջինս դիմավորի Վլադիմիր Պուտինին, սակայն նա մերժել է ստանձնել, այսպես ասած, մարդ դիմավորողի, կարգավիճակը։  Դրանից հետո, Փաշինյանի միջամտությամբ, Արմեն Սարգսյանը նախագահների հետ պաշտոնական հանդիպումներ չի ունեցել։