Ալեն Սիմոնյանի մասին՝ մեկ դրական հոդված           

2019թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 58 հոդված, որոնցից 17-ը եղել է բացասական, 1`-ը դրական, 40-ը՝ չեզոք։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, ի տարբերություն իր գործընկերների, լրատվականներն ավելի քիչ են անդրադարձել։ Դիտարկման արդյունքում գրանցվել է մեկ դրական հոդված։ Ըստ հրապարակման՝ համացանցում մարդիկ դրական և հիացական խոսքեր են հնչեցրել Ալեն Սիմոնյանի կնոջ հասցեին՝ նրան անվանելով «գեղեցկուհի»։

Ըստ լրատվականների՝ հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված չարաշահումների մասով մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանի մտերիմներից ենթակապալառու, «Պոլիտտրանսպորտ» ընկերության սեփականատերեր՝ Սուրեն եւ Գեւորգ Վարդանյաններին։

Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է նաև վերջերս կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած սևազգեստ մայրերի և զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ հիշեցնելով, որ 2012-ին Նիկոլ Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն էր այսօր կառավարության շենքի դիմաց։