Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դրական հոդվածները գերազանցում են բացասականներին         

2019 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 133 հոդված, որոնցից 17-ը եղել է բացասական, 19-ը՝ դրական, 97-ը՝ չեզոք։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փոփոխական վարկանիշ ունի լրատվականներում, այս տասնօրյակում դրական հոդվածները փոքր տարբերությամբ գերազանցում են բացասականներին։ Ըստ լրատվականների՝ դատարանը քննելու է Գագիկ Ծառուկյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցի հարցը։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատժի խստացման օրենսդրական փոփոխության հարցի վերաբերյալ հրապարակումներում լրատվականները, ԱԺ պատգամավոր Քրիստինե Պետրոսյանը և հասարակության մի որոշ հատված հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը իր տան բակում կենդանիներ է պահում վանդակներում։

Արթուր Գևորգյանը շարունակում է պայքարել ընդդեմ Գագիկ Ծառուկյանի՝ Բռնցքամարտի ֆեդերացիայի հարցով։ Ըստ ԱԺ նախկին պատգամավորի՝ Գագիկ Ծառուկյանը և Արայիկ Հարությունյանը միավորվել են՝ ընդդեմ բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի։

Գագիկ Ծառուկյանի հայտարությունից հետո, որ Ամուլսարում 400 մլն. դոլարի ներդրում չի արվել և այնտեղ ընդամենը երկու պոչամբար է կառուցվել, «Լիդիան Արմենիայի» տնօրեն Հայկ Ալոյանն ասել է. «Այն փաստը, որ հանք ունեցող մարդը, կարծես, չի պատկերացնում թե ժամանակակից հանքարդյունաբերությունը ինչ լուրջ տեխնոլոգիական պրոցես է և ինչ ահռելի ծախսերի հետ է կապված լավ հանքի շինարարությունը, արդեն իսկ խոսուն փաստ է Հայաստանի հանքարդյունաբերության որակի մասին: Իրենց տեսած հանքերը, թերևս հենց այդպիսին են եղել՝ երկու փոս, ու ոչ մի բնապահպանական միջոցառում: Ու հենց այդ հանքերն են նման բացասական վերաբերմունքը ձևավորել: Ամուլսարը՝ նախ չունի պոչամբար: Երկրորդ, միայն մեր բնապահպանական ու նախագծային ծախսերը, որոնք իրականացրել են աշխարհի առաջատար ընկերությունները, մի քանի տասնյակ միլիոն դոլար են եղել»։

Որպես դրական գնահատվել է այն տեղեկությունը, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանի առաջարկով խաղողի մթերումն ավելի հանգիստ և առանց հերթերի է իրականացվում։

Լրատվականների հրապարակման համաձայն՝ ներքին քաղաքական դաշտում Էդմոն Մարուքյանը և Գագիկ Ծառուկյանը պայմանավորվածության են եկել, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը որոշակի գործընթացներից հետո պետք է դառնա վարչապետ, իսկ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ նախագահ։