Դրական հոդվածների հիմքը հասարակական աշխատանքն է

2019 թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 45 հոդված, որոնցից 5-ը եղել է բացասական, 6-ը՝ դրական, 34-ը՝ չեզոք։

Գագիկ Ծառուկյանի մասին դրական հոդվածները մեկով գերազանցում են բացասականներին։ Դրական հոդվածների հիմքը հասարակական աշխատանքն է․ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դպրոցական պայուսակներ է նվիրել առաջին դասարանցիներին։ Նաև նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, միջազգային ասպարեզում ճանաչում ունեցող  տարբեր անձիք պարբերաբար այցելում են Արցախի Հանրապետություն։

Ըստ լրատվականներից մեկի, քաղաքացիները ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել են տարբեր պատգամավորների, այդ թվում Գագիկ Ծառուկյանին, բայց որևէ պատասխան չեն ստացել։

Ի դեպ, շարունակվում է հակամարտությունը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի և Գագիկ Ծառուկյանի միջև։ Արթուր Գևորգյանը շարունակում է մեղադրել Գագիկ Ծառուկյանին բռնցքամարտի մեջ խառնվելու համար, նա նշել է. «Առավել շատ հակված ենք մտածել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հարցերը լուծվում են կուլիսների հետևում, քանի որ Գագիկ Ծառուկյանը և Արայիկ Հարությունյանը ձեն-ձենի տված որոշում են բռնի ուժով բռնցքամարտի ճակատագիրը խեղել: Արայիկ Հարությունյանը ևս չի սիրում գրավոր պատճառաբանել և հիմնավորել նախարարության անհեթեթությունները: Եզրակացությունը հստակ է, այս նախարարը ևս սպորտի գծով չի կարողանում անկախություն ապահովել և հակակշիռ ստեղծել Գագիկ Ծառուկյանին, այլ ավելին, նրա ջրաղացին ջուր է լցնում»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունը, այն  գրեթե բացակայում է, լրատվականները չեն անդրադառնում Գագիկ Ծառուկյանին՝ որպես պատգամավորական մանդատ ունեցող քաղաքական գործչի։