Արսեն Թորոսյանը՝ դարձյալ սկանդալների էպիկենտրոնում         

2019 թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 109 հոդված, որոնցից 35-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 72-ը՝ չեզոք։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում թե՛ իր ղեկավարած նախարարությունում տիրող իրավիճակի, թե՛ այլ ոլորտների վերաբերյալ արտահայտությունների պատճառով։

Իշխանության համար գլխավոր փորձություն դարձաձ Ամուլսարի հարցը նաև Արսեն Թորոսյանի վերաբերյալ բացասական հոդվածների հրապարակման հիմք հանդիսացավ, քանի որ վերջինս հայտարարել էր, որ ուսումնասիրությունների արդյունքներով Ամուլսարի հանքը վտանգներ չի պարունակում։ Սա բնապահպանների կողմից չընդունվեց և քննադատություններ հնչեցին։

Ստամբուլյան հռչակագրի թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել, իսկ մամուլում և հասարակության մեջ շարունակում են բացասական կարծիքներ ձևավորվել այդ թեմայով։ Բացասական հոդվածների մեջ հիշատակվում է նաև Արսեն Թորոսյանը՝ որպես հռչակագրի կողմնակից։

Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ուղղված Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նա քննադատության է ենթարկել Արսեն Թորոսյանի գործունեությունը և ազատման դիմում է գրել։ Նա Թորոսյանին դիմելիս գրել է, որ Թորոսյանն՝ «այդպես էլ դուրս չեկավ ինքն իր ստեղծած թատրոնից»։

Թորոսյանը շարունակում է նաև մեղադրվել հովանավորչության մեջ։