«Մեդիա պաշտպանը» հորդորում է լրատվականներին՝ չանցնել բարեկրթության սահմանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վարկանիշը շարունակում է ցածր մնալ։

Այս տասնօրյակում միայն տարաբնույթ քննադատություններ են հրապարակվել, դրանցից մեկում նշված է, որ Արայիկ Հարությունյանը աշխատել է Transparency International կազմակերպությունում, որի դոնորներից մեկը Սորոսի հիմնադրամն է։ Դա բացասական երանգով է մատուցվել։ Նույն հրապարակման մեջ խոսվում է, որ Արայիկ Հարությունյանը հայտնի է նաև Հայ Առաքելական եկեղեցու քահանաների նկատմամբ իր բացասական վերաբերմունքով:

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը խոսել է կրթության ոլորտի մասին և մտահոգություններ է հայտնել։ Նա մասնավորապես ասել է. «Խոստումները, խոսքերը շատ են: Վարչապետն ասում է՝ պիտի խրախուսենք երիտասարդներին, նախարարը նույնն է կրկնում, բայց այդ բոլորն ինչպե՞ս պետք է լինի, ի՞նչ գործընթացներ են դրա համար նախատեսում այն դեպքում, երբ գիտնականներն աջ ու ձախ դժգոհում են ֆինանսավորման չափից և գործող կարգերից: Ոչ մի հայեցակարգ, ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ, որտեղ կլինի հատկապես երիտասարդ գիտնականների գործունեությունը ֆինանսավորող նախաձեռնություն, դեռ չեմ տեսնում»։

Լրատվականները շարունակում են վերհիշել Արայիկ Հարությունյանի և ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչ Կարաբինայի (Գարիկ) հանդիպումը։ Լրատվականներում այլ աղբյուրներից վերահրապարակված հոդվածում Արայիկ Հարությունյանի անձը ակնհայտ վիրավորող արտահայտություններ են տեղ գտել։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է լրատվականներին (hayeli.am, 7or.am) չանցնել բարեկրթության սամանները, չհրապարակել այն հոդվածները, որոնք ակնհայտ վիրավորանք են պարունակում այս կամ այն անձի նկատմամբ։

Երիտասարդ գիտնականներ Սուսաննա Գևորգյանը, Աստղիկ Զորյանը և Հրայր Ազիզբեկյանն ահազանգում են, որ հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը: Նշվում է, որ նրանք դիմել են Արայիկ Հարությունյանին խնդրի կարգավորման նպատակով, սակայն հարցն այդպես էլ առկախված է մնացել։

Վերը նշվածից հետևում է, որ Արայիկ Հարությունյանը բացի իր ղեկավարած կառույցի ոլորտներից բազմաթիվ խնդիրներ ունի լրատվական դաշտում՝ անկախ իր մասնագիտական գործունեությունից։