Ալեն Սիմոնյանը շարունակում է քննադատվել

2019 թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 115 հոդված, որոնցից 18-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 93-ը՝ չեզոք

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին բացասական հոդվածները բավական շատ են համեմատած իր մասին գրված ընդհանուր հոդվածների քանակի և չեզոք նյութերի։ Շարունակում է քննադատվել Ալեն Սիմոնյանի այն միտքը, ըստ որի՝ Հայաստանն ապրիլյան պատերազմում պարտություն էր կրել։ Մամուլը պնդում է, որ ՔՊ-ում նման դեպքերից հետո ճաքեր են առաջացել, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանի և Սասուն Միքայելյանի միջև։ Այդ հակամարտությունն ակներև է դառնում, երբ հիշում ենք, որ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ՔՊ-ում ներքին խմորումներ կան, իսկ Ալեն Սիմոնյանն իր հերթին հերքել էր Սասուն Միքայելյանի հայտարարությունը։

Լրատվականները հիշեցնում են, որ Ալեն Սիմոնյանը օրհներգի փոփոխության նախաձեռնություն էր սկսել և հիմա հարց են տալիս, արդյո՞ք դա շոու չէր, քանի-որ հիմա այդ նախաձեռնությունից որևէ լուր չկա։ Ստամբուլյան կոնվենցիայի մասին խոսակցությունների թեժացման հետ միաժամանակ լրատվականները հիշեցնում են, որ ժամանակին Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ԼԳԲՏ համայնքի ամուսնության թույլտվությունը ժամանակի հարց է, և քննադատել են այդ խոսքերը նույնպես։

Մամուլում շարունակում է քննարկվել նաև ՔՊ համագումարը, հիշեցնում են, որ ըստ այդ քվեարկության արդյունքների՝ Ալեն Սիմոնյանը 18-րդ հորիզոնականում է եղել, որը ցածր են համարում։

Ստացվում է, ՔՊ-ում ըստ մամուլի հրապարակումների և ՔՊ-ականների հայտարարությունների՝ ինչ-որ խնդիրներ կան։ ԱԺ փոխխոսնակը պետք է շարունակի իր սկսած գործերը, որովհետև դրանց դադարեցումը թե՛ քաղաքական դաշտում, թե՛ մամուլում քննադատվելու է։ Իսկ Ստամբուլյան կոնվեցիայի հետ կապված Ալեն Սիմոնյանի անձնական դիրքորոշումն այս պահին, որպես ԱԺ փոխխոսնակ և ժամանակին ԼԳԲՏ համայնքի ամուսնությունների օրինականացման մասին արտահայտված անձ, ավելի քան կարևոր են։