Պրն․ Ծառուկյանն իր հաշվին բավականին մեծ թվով բացասական հոդվածներ է գրանցել

2019 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 96 հոդված, որոնցից 35-ը եղել է բացասական, 8-ը՝ դրական, 53-ը՝ չեզոք։

Արդեն երկրորդ շաբաթն է ինչ պրն․ Ծառուկյանն իր հաշվին բավականին մեծ թվով բացասական հոդվածներ է գրանցում։ Գագիկ Ծառուկյանն, իհարկե, շարունակում է իր բարեգործական և սոցիալական ուղղվածության ծրագրերը, բայց աս ամենն այլևս լրատվական դաշտում ակտիվորեն չի տարածվում, փոխարենը՝ ավելի բազմաշերտ են դառնում բացասական հոդվածները։

Լրատվականները գրում են, որ Ռոբերտ Քոչարյանը բարկացած է իր դատական գործի առնչությամբ ԲՀԿ-ի պահվածքից։ Ըստ տեղեկությունների՝ 2-րդ նախագահը, իր դատական գործընթացի ավարտից հետո, խոսելու է ԲՀԿ-ի ստեղծման ակունքների մասին։

Կրքերը չեն հանդարտվում Աբովյանի ընտրություններից հետո։ Լրատվականները շարունակում են պնդել, որ Սասուն Միքաելյանն աշխատել է հօգուտ Գագիկ Ծառուկյանի նախընտրած թեկնածուի։ Այս ամենը հերքվում է։ Այս դեպքերից հետո էլ ՀՔԾ Ծառուկյանին հրավիրել էր հարցաքննության։ Քննադատվեց նաև Ծառուկյանի պատասխանը ՀՔԾ-ին, ըստ լրատվականների, նա կոպիտ է արտահայտվել և ՀՔԾ չի ներկայացել։

ՔՈ կուսակցությունը շարունակում է Գագիկ Ծառուկյանի գործում հետևողական լինել ու, ըստ կուսակցության, իրենք պետք է հասնեն արդարության։

Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում ձերբազատվել իր անվան հետ կապվող բիզնեսների հաշվով քննադատություններից։ Սասուն Միքայելյան-Գագիկ Ծառուկյան հնարավոր համագործակցությունն էլ իր հերթին լրացուցիչ լարվածություն է ստեղծում  «Իմ Քայլը» դաշինքում, ինչը ևս բացասական է անդրադառնում Գագիկ Ծառուկյանի անձի վրա։