Աննա Հակոբյանի մասին այս տասնօրյակում դրական և բացասական հոդվածները գրեթե հավասար են

2019 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 250 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական, 230-ը՝ չեզոք։

Աննա Հակոբյանի մասին այս տասնօրյակում դրական և բացասական հոդվածները գրեթե հավասար են։ Դրական հոդվածները ձևավորվել են Ձախ Հարութի և Աննա Հակոբյանի հիմնադրամի համագործակցության շնորհիվ, սակայն նույն հիմնադրամի մասին շարունակում են նաև բացասական հոդվածներ լույս տեսնել։ Մասնավորապես, դեռ չի մոռացվել տիկին Հակոբյանի հայտարարությունը, որ նորմալ է, երբ թալանված գումարները հիմնադրամ են փոխանցվում։ Լրատվականները պնդում են, որ Աննա Հակոբյանի այդ խոսքերից հետո պետք է հետաքննություն սկսվեր։

Լրատվականներից մեկը հարց է տվել, թե ո՞ւր են Հայաստանում իրականացվող ներդրումները և պատասխանել է՝ երևի թե Աննա Հակոբյանը կիմանա՝ ում հիմնադրամում են ներդրումներ կատարվում։

Լրատվականները նշել են, որ նախկին զինվորականն իր բազմազավակ ընտանիքի հետ փորձել է հանդիպել Աննա Հակոբյանին և մերժում է ստացել։

Փաստացի Աննա Հակոբյանի հիմնադրամը դեռևս չի կարողանում բարեգործական հիմնադրամի համբավ ձեռք բերել։ Դրա պատճառ կարող է հանդիսանալ ոչ ճիշտ ընտրված մարքեթինգ մարտավարությունը։