Գագիկ Ծառուկյանին այս տասնօրյակում լրատվական դաշտը չի խնայել

2019 թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 425 հոդված, որոնցից 86-ը եղել է բացասական, 28-ը՝ դրական, 311-ը՝ չեզոք։

Գագիկ Ծառուկյանին այս տասնօրյակում լրատվական դաշտը չի խնայել։ Նախ պատգամավորին քննադատել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, որի մասին բարձրաձայնել էր նաև «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը։ Եվս մեկ անգամ հաստատում ենք մեր տեսակետը, քաղաքական գործիչները պետք է հարգեն լրագրողների աշխատանքը։

Աբովյանում տեղի ունեցած ընտրությունները դեռևս չեն կորցրել իրենց արդիականությունը, տարբեր փորձագետներ նշում են, որ հեղափոխությունը Աբովյան չմտավ և Գագիկ Ծառուկյանը դեռևս ասոցացվում է հին քաղաքական թիմի հետ։ Լրատվականները նշում են, որ պատգամավորը հին բարքերով է առաջնորդվել և ընտրություններին ներգրավել է քրեա-օլիգարխիկ լծակներ։

Բացասական երանգավորմամբ է ներկայացվել նաև Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը։ Նշվում է, որ Գագիկ Ծառուկյանն է գործընկերոջը ստիպել, որ մանդատը վայր դնի, քանի որ վերջինս իր հաղորդմանը հրավիրել է նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին։ Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Աշոտյանի միջև անձնական խնդիրների մասին մամուլը վաղուց է գրում։

Ըստ մամուլի, Գագիկ Ծառուկյանին 50 տոկոսով պատկանող «Արմօյլ» ընկերությունը նավթի վերամշակման գործարան է փորձարկում։ Նշում են, որ նա դրա թույլտվությունը չունի և ամենայն հավանականությամբ օրենք է խախտում։

Ինչպես տեսնում եք, տասնօրակը բավականին հագեցած է եղել Գագիկ Ծառուկյանի համար։ Պատգամավորը խնդիրներ ունի ոչ միայն լրատվական դաշտում, այլև սեփական թիմում։ Հույս ունենք, որ հետայսու լրատվականների հետ խնդիրներ չեն առաջանա, իսկ թիմի ներսում և գործարար շրջանակներում առաջացած խնդիրները պրն. Ծառուկյանի համար նոր չեն։